Սուսաննա Թ․-ն հոգեկան ներգործություն կատարելու դիտավորությամբ 2024 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, մոտենալով Երևանի բնակարանից մեկի շքամուտքին, սկսել է թակել դուռը և իր նախկին ամուսնու՝ Ս․Մ-ի վերջինիս ընտանիքի անդամների հասցեին հնչեցրել է սպանության, ինչպես նաև առողջությանը վնաս պատճառելու, մասնավորապես, վերջիններիս հաշմանդամ դարձնելու ապառնալիքներ, որոնք իրականացնելու իրական վտանգ է եղել, որի արդյունքում Ս․Մ-ի և վերջինիս ընտանիքի անդամների մոտ առաջացել է վախի, տագնապի անհանգստության զգացում:
Նմանատիպ արարք կինը կատարել է նաև 2024 թվականի օգոստոսի 16-ին` գիշերը, թակելով բնակարանի շքամուտքի դուռը, իր նախկին ամուսնու հասցեին հնչեցրել է սպանության, այդ թվում՝ իրենց անչափահաս երեխաների հասցեին ուղղված «Փորձիր երեխաներիդ կյանքը փրկես» բովանդակությամբ սպառնալիքներ, ինչպես նաև սպանության սպառնալիքներ է հնչեցրել Ս․Մ-ի մոր և քրոջ հասցեին, որոնք իրականացնելու իրական վտանգ է եղել։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել մարտի 17-ին։ Կնոջ նկատմամբ ընտրվել է խափանման մջոց՝ չբացակայելու արգելք։
Սուսաննա Թ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Այն է՝ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը, որը կատարվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: