Հաջորդ շաբաթ՝ մարտի 25-ին սպասվող երկու իրադարձություն արժի նկատել բազմաթիվ այլ իրադարձությունների շարքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հայաստանը առանձին տաղավարով կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին և դրա շրջանակում հատկապես մեծ անդրադարձ կարվի Ավետիք Իսահակյանին, որի 150-ամյակը լրանում է այս տարի։ Լայպցիգում գտնվող այն տանը, որտեղ համալսարանում սովորելու տարիներին բնակվել է Ավետիք Իսահակյանը, մարտի 25-ին կբացվի նրա հուշատախտակը, որի վրա, առնչվող տեղեկատվության հետ միասին, կլինի նաև Գյումրիի սև տուֆը։ Ուրախ եմ, որ այն պայմանավորվածությունները, որ քննարկում էինք նախորդ տարի հունիսին Լայպցիգի քաղաքապետի հետ հանդիպմանը, արդեն իրականություն են դառնում։
Նույն օրը՝ մարտի 25-ին, Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կկայանա ԿԳՄՍՆ կողմից մեր գործընկերների հետ միասին կազմակերպվող և Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և հայաստանյան արտիստների կատարմամբ։ Հիշեցնեմ, որ այս տարի լրանում է նաև ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակը»,-նշել է նա։