Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը․ Նիկոլ Փաշինյան

«Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Հայաստանի Հանրապետությունն այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի»,-այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պաստասխան թուրք լրագրողի հարցին։

Նրա խոսքով՝ այդ արտահայտությունը Հայաստանում ընկալվում է, որպես տարածքային նկրտում ՀՀ-ի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

«Մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակիցն ենք և թույլ տվեք ասել, որ առաջինը մենք ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից, որովհետև իրականում մենք ենք, որ շրջափակման մեջ ենք։ Տարածաշրջանում ոչ մի ուրիշ երկիր շրջափակման մեջ չի։ Մենք 4 սահման ունենք, որից երկուսը փակ է։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել մի շատ կարևոր փաստի վրա, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում «միջանցք» արտահայտություն չկա։ Ես հասկանում եմ, որ այդ բառն այլ երկրներում և խոսույթներում այլ կերպ է օգտագործում, բայց եռակողմ հայտարարության մեջ կա մի նրբություն, կա «Լաչինի միջանցք» արտահայտություն, դա գրված և ստորագրված է»,-ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եռակողմ հայտարարությունը չի կարելի դիտարկել հատվածական։

«Եռակողմ հայտարարության մեջ նշվում է գերիների, ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց փոխանակման և վերադարձի մասին, բայց մինչև հիմա այդ խնդիրը լուծված չէ, ավելին՝ սրվում է Բաքվում տեղի ունեցող դատավարությունների հետևանքով, որը մեր գնահատմամբ՝ բեմականացված դատավարություններ են, որտեղ կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել