Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերությունների մեջ չի մտնում այս պահին․ Նիկոլ Փաշինյանը՝ թուրք լրագրողին

Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերությունների մեջ չի մտնում այս պահին։ Այս մասին թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց այս համատեքստում կան հարցեր և այդ հարցերի շուրջ ես անընդհատ խոսում եմ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։ Կարծում եմ լավ առիթ է, որ նաև հրապարակային այդ մասին խոսեմ։ Ես ուզում եմ շատ հստակ լինի, որ Հայաստանում և հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է։ Այսինքն, մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ժխտել կամ ուրանալ, որովհետև դա բոլորիս համար անուրանալի ճշմարտություն է, բայց խոսքը դրա մասին չէ։ Մյունխենում ես ասում էի՝ սիրելի հայրենակիցներ, երբ մի հեռավո երկրի խորհրդարան կամ կառավարություն մի որոշում է ընդունում, մենք այդ որոշումից շատ ոգևորվում ենք։ Երբ ոգևորությունն անցնում է, հարց է ծագում՝ ի՞նչ է մեզ տալիս այդ որոշումը»,-ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ այն ժամանակաշրջանը, որում տեղի է ունեցել այդ ողբերգությունը, չի եղել Հայաստանի Հանրապետություն։

«Այսօր կա Հայաստանի Հանրապետություն, միջազգայնորեն ճանաչված պետություն։ Եվ այդ պետությունն ունի հնարավորություն՝ պահպանելու սեփական քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը, բայց դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ։ Առաջին հերթին խաղաղություն մեզ պետք է մեր միջավայրում, հարևանների հետ։ Մենք պետք է մտածենք տարածաշրջանային խաղաղության մասին»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել