Արտաքին գործերի նախարարությունից այսօր՝ մարտի 13-ին, հայտնեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստը համաձայնեցված է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այդ տեքստում ոչ մի գաղտնիք չկա։
«Այսպես, թե այնպես, հոդված-հոդված հրապարակվել է։ Չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ։ Այո, տեքստը չի կարդացել հանրությունը, բայց չեմ կարող ասել, որ բովանդակությանը ծանոթ չէ։ Արդեն արձանագրեցինք, որ տեքստը պատրաստ է ստորագրման, մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների և տեղի մասին»,-նշեց նա։
Վարչապետն ընդգծեց, որ տևական ժամանակ չհամաձայնեցված դրույթներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրի ուժեր չտեղակայելուն, մյուսը՝ փոխադարձաբար հայցերը ետ վերցնելուն։
«Այդ երկու դրույթների վերաբերյալ արդեն բավականին երկար ժամանակ մենք և իրենք առաջարկներ են անում։ Այդ դրույթներն էլ, ոչ մեծ, բայց էվոլուցիա են ապրել։ Այն պահից, երբ պարզ դարձավ, որ չի հաջողվելու ունենալ իդեալական ձևակերպումներ, մենք եկել ենք այն եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել և այո, այս հանգամանքներում ընդունելի է ՀՀ-ի համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին և ռազմագերիներին, նա ընդգծեց, որ եթե մինչև հիմա հարցը չի լուծվել, դա նշանակում է, որ համաձայնեցում, ըմբռնում չկա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական կողմը ճանապարհ տրամադրելու է ադրբեջանական կողմին, ասաց, որ ինքը հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տրանսպորտային և տնտեսական ուղիները ապաշրջափակել։
«Այս թվում՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ՀՀ-ի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության շրջանակներում։ Դա հստակ ձևակերպել եմ բազմիցս»,-նշեց նա, ապա ավելի կոնկրետացնելով՝ հավելեց․ «այո, ճանապարհ տալու ենք»։