Գորշ արջը փրկվեց․ FPWC

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ՀՀ Ներքին գործերի նախարարության հետ համատեղ փրկել և Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) են տեղափոխել Երևանի Սիլիկյան թաղամասում ավտոմեքենաների վերանորոգման կետում պահվող գորշ արջին:

Փրկարարական գործողությունը կատարվել է մտահոգ քաղաքացիների ահազանգից հետո, որոնք հիմնադրամին տեղեկացրել էին նեղ, խավար վանդակում պահվող արջի մասին: Կենդանին գտնվել է ծայրահեղ անբարենպաստ պայմաններում՝ զուրկ մասնագիտական խնամքից, համապատասխան սննդից և անհրաժեշտ կենսապայմաններից: Փրկության գործընթացին մասնակցել են նաև կենդանասերների համայնքի ներկայացուցիչներ, որոնք մտահոգ էին կենդանու ճակատագրի վերաբերյալ, ինչպես նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները։ 

Նախնական զննությամբ հայտնաբերվել են առողջական խնդիրներ: Անբարենպաստ պայմաններում պահելու հետևանքով արջի թաթերը վնասվել են բետոնի վրա շարունակական քայլելուց, հայտնաբերվել են կոտրված ատամներ, ինչպես նաև նկատվել են սառցապատ հատակի վրա տեղաշարժվելու դժվարություններ:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ արջը նախկինում պահվել է Մալաթիա-Սեբաստիա թաղամասում, որտեղ Վարդան Վարդանյան անունով քաղաքացին բնակելի տարածքում, մանկապարտեզների և դպրոցների հարևանությամբ, շարունակում է պահել ևս երեք գորշ արջի՝ նույնպես անընդունելի պայմաններում: Այս արջերը դեռևս գտնվում են վատթար պայմաններում, իսկ հարակից բնակիչները շարունակում են ենթարկվել անմիջական վտանգի:

«Գորշ արջը Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակ է, և նրանց անօրինական պահելն ու վատ վերաբերմունքը ոչ միայն դաժանություն է կենդանիների նկատմամբ, այլև պատժելի արարք», – նշում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: 

Ներկայումս փրկված արջը գտնվում է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում, որտեղ ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք: Մասնագետները գնահատում են կենդանու առողջական վիճակը և հոգեբանական վնասները՝ հետագա վերականգնման ծրագիր մշակելու նպատակով: Հիմնադրամը կոչ է անում իրավապահ մարմիններին՝ հրատապ միջոցներ ձեռնարկել Մալաթիա-Սեբաստիա թաղամասում պահվող մյուս երեք արջերի անհապաղ փրկության համար և պատասխանատվության ենթարկել օրենքը խախտողներին:

FPWC-ն նաև հորդորում է քաղաքացիներին՝ շարունակել զգոն լինել և անմիջապես հայտնել վայրի կենդանիների անօրինական պահման կամ վատ վերաբերմունքի դեպքերի մասին:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) առաջատար բնապահպանական կազմակերպություն է Հայաստանում։ Հիմնադրամի կողմից և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության աջակցությամբ ստեղծված Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) եզակի հաստատություն է, որն ապահովում է վտանգված և փրկված կենդանիների պահպանությունն ու խնամքը։ Կենտրոնի հիմնման օրվանից մի քանի տասնյակ արջեր փրկվել և ապաստան են գտել այստեղ՝ ազատվելով ռեստորանների, բենզալցակայանների, ավտոկայանների և այլ մասնավոր անբարենպաստ պայմաններից։ Կենտրոնում կենդանիներն ստանում են մասնագիտական խնամք, հատուկ մշակված սննդակարգ և անհրաժեշտ կենդանաբուժական օգնություն՝ ներառյալ ձմեռման նախապատրաստական աշխատանքները։

Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (IAR) համաշխարհային ճանաչում ունեցող կառույց է, որը մասնագիտացած է վայրի կենդանիների փրկության և վերականգնման ոլորտում։ Հայաստանում IAR-ը FPWC-ի ռազմավարական գործընկերն է՝ համատեղ իրականացնելով Արջերի փրկության ծրագիրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել