Վելտկամպի հետ քննարկել ենք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության նոր օրակարգը․ Արարատ Միրզոյան

Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին։

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Պարո՛ն նախարար, սիրելի՛ գործընկեր, չափազանց ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում։

Սա մեր հարաբերությունների զարգացման ճանապարհին պարզապես հերթական այց չէ։ Այսօր մենք թևակոխում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք «Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին» հռչակագրի ստորագրմամբ: Սա նոր հանգրվան է, որը թե՛ խորհրդանշական է, թե՛ միևնույն ժամանակ պարտավորեցնող։ Ուստի՝ շնորհավորում եմ բոլորիս այս կետին հասնելու կապակցությամբ և շնորհակալություն եմ հայտնում տարված աշխատանքի համար և մեզ մաղթում հաջողություն այս փաստաթղթում նշված համագործակցության կյանքի կոչման ուղղությամբ։

Հարգելի՛ գործընկերներ, նախարար Վելկամպի հետ մեր այսօրվա քննարկումներում արդեն կենտրոնացել ենք մեր հաջորդիվ անելիքների վրա. մենք դրա համար արդեն ունենք շատ կոնկրետ և շատ ամուր հիմք՝ փաստաթուղթը, որը քիչ առաջ վկայակոչեցի: Այդ փաստաթուղթն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում` քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության խորացում, ներառյալ պայքար հիբրիդային վտանգների, սպառնալիքների դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և իրավունքի գերակայության խթանում և վերջինը, թերևս նշեմ, բայց ոչ նվազ կարևորը` մարդկանց միջև շփումները։

Շուտով հնարավորություն կունենաք ծանոթանալու փաստաթղթի մանրամասներին, այն կհրապարակվի: Ես, թերևս, հաշվի առնելով նաև ավելի լայն օրակարգը՝ մեկ-երկու բան առանձնացնեմ: Կուզենայի նշել այն դրույթը, ըստ որի շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։ Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայինորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա: Նաև առանձին ուշադրություն է հատկացված տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման թեմային։ Նշվում է նաև, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է էական ներդրում ունենալ այս ոլորտում:

Ի թիվս այլ ոլորտների, որպես ռազմավարական գործընկերության էական բաղադրիչներ, կրկին հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները, կուզեի ընդգծել կիբերդիմակայունության ամրապնդման և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի կարևորությունը։ Սա, իհարկե, միայն Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ օրակարգի թեմա չէ, ավելի ընդգրկուն է, նաև վերաբերում է Հայաստան և ամբողջ Եվրոպական միության միջև համագործակցությանը, երկխոսությանը:

Շարունակելով Եվրոպական միության հետ համագործակցության թեման՝ նշեմ, որ նախարար Վելտկամպի հետ քննարկել ենք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության նոր օրակարգը, այդ ուղղությամբ իրականացվող ակտիվ աշխատանքը և առհասարակ մեր միջև գործընկերության խորացման հեռանկարները և աջակցությունը Հայաստանի ջանքերին այս համատեքստում:

Ես խոսեցի, իհարկե, անելիքների մասին, բայց մենք այսօր առիթ ենք ունեցել նաև ամփոփելու և արձանագրելու, որ արդեն իսկ ունենք երկկողմ համագործակցության էական ձեռքբերումներ։ Գոհունակությամբ արձանագրում ենք, որ Նիդերլանդները Եվրոպական միության շրջանակներում Հայաստանի համար կարևոր առևտրային գործընկերներից է, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին ինստիտուցիոնալ զարգացման ավանդական և շոշափելի աջակիցը, ինչի համար նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնել նախարարին։

Հարգելի՛ գործընկերներ, անշուշտ, մենք չենք խուսափել նաև մեր տարածաշրջանային հարցերը քննարկելուց, ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգը, երկխոսությունը մեր հարևանների հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը։ Նշել եմ նաև, որ համապատասխան կառուցողական վերաբերմունքի դեպքում մենք կարող ենք մոտ ապագայում շոշափելի հաջողություններ ունենալ այս ուղղություններով։

Եզրափակեմ խոսքս: Պարո՛ն նախարար, կրկին շնորհակալ եմ խորը և հանգամանալից քննարկումների համար և ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել Նիդերլանդների հետ Հայաստանի բարեկամության և համապարփակ գործընկերության շարունակական ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատելու մեր պատրաստակամությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել