Ի՞նչ է ձնահյուսը. Լևոն Ազիզյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի՞նչ է ձնահյուսը․

Ձնահյուսը ձյան զգալի ծավալ է, որը թափվում կամ սահում է զառիթափ լեռների լանջերով մոտ 20-30 մ/վ արագությամբ։ Ձնահյուսը հաճախ ուղեկցվում է կողմնակի ազդեցությունով՝ օդային նախաձնահյուսային ալիքի տեսքով, որն առաջացնում է ամենամեծ ավերածությունները։

Ձնահյուսերը մարդկանց համար վտանգավոր են իրենց մեծ զանգվածի պատճառով, որը կարող է հասնել մի քանի հարյուր տոննայի։ Սրա հետևանքով մարդիկ շնչահեղձեն լինում, կամ մահանում են ոսկորների կոտրվածքներից առաջացած շոկից։ Օդը չի կարողանում թափանցել ձյան միջով, և թթվածնի պակասից մարդիկ խեղդվում են։

Ձնահյուսերը այս կամ այն չափով տարածված են աշխարհի բոլոր լեռնային շրջաններում։ Դրանք հանդիսանում են լեռների ձմեռային սեզոնի հիմնական վտանգավոր բնական երևույթը: Երկրի վրա ձնահյուսավտանգ շրջաններն ունեն 9,253 մլն քառ.կմ ընդհանուր տարածք, որը համապատասխանում է ցամաքի 6,17%-ին:

Լեռան լանջին տեղումների տեսքով թափված ձյունը մնում է շփման ուժի հաշվին (նրա մեծությունը կախված է մի շարք գործոններից՝ ձյան խտություն, լանջի թեքություն և այլն)։ Ձնահյուսը սկսում է իջնել, երբ ձյան զանգվածի ճնշման ուժը գերազանցում է շփման ուժին։

Ձնահյուսերի առաջացման համար առավել նպաստավոր են 25-45° թեքություն ունեցող լանջերը, սակայն հայտնի են դեպքեր, երբ ձնահյուս է ձևավորվել նույնիսկ 15-18° զառիթափություն ունեցող լանջերում։ Ընդունված է համարել, որ 15° զառիթափության լանջին 15 սանտիմետր ձյան շերտն արդեն ձնահյուսի վտանգ է պարունակում, բայց մի շարք պայմանների առկայության դեպքում, օրինակ` երբ տաքացումներ են տեղի ունենում, գարնանային ուժեղ արեգակնային ճառագայթման արդյունքում, ձյունը հալվում է, և ջերմաստիճանի կտրուկ անկման հետևանքով առաջանում է իդեալական սառցե լանջ։ Ձնահյուսերի տեսանկյունից անվտանգ են համարվում մինչև 15° և 60°-ից ավելի թեքություն ունեցող լանջերը։

Ձյան զանգվածի սողանքի պատճառներից են կլիմայական պայմանները՝ եղանակի կտրուկ փոփոխությունը (այդ թվում մթնոլորտային ճնշման տատանումները և օդի խոնավության և ջերմաստիճանի փոփոխությունը), ձյան առատ տեղումները, անձրևները, ինչպես նաև ձյան զանգվածի վրա մեխանիկական ներգործությունը (երկրաշարժեր)։ Երբեմն ներգործող շփման և ճնշման ուժերի հարաբերական հավասարության դեպքում, ձյան մեծ զանգվածի տեղաշարժի պատճառ կարող է դառնալ նույնիսկ շատ փոքր միջամտությունը (զենքի կրակոց, կամ մի մարդու զանգվածը՝ դահուկորդ, սնոուբորդիստ)։

1999 թվականի փետրվարին 170 հազար տոննա զանգված ունեցող ձնահյուսը ամբողջությամբ ավերել է Ավստրիայի Գալտուր ավանը, որի հետևանքով զոհվել է 30 մարդ։ 2012 թվականի մարտին Աֆղանստանում ձնահյուսերի մի քանի դեպքի պատճառով ավերվել են տներ և զոհվել ավելի քան 100 մարդ։

Լինում են ձնահյուսերով հարուստ տարիներ, երբ նրանք առաջանում են տարբեր վայրերում։ Նման տարի է եղել 1950-1951 թվականների սեզոնը, որը ստացել է «Ահաբեկման ձմեռ» անվանումը, որի ընթացքում միայն Ալպերում անցել է 649 ձնահյուս»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել