ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (edraft.am) ներկայացրել է նոր նախագիծ, որով սահմանվում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման պայմանները, ինչպես նաև չափի որոշման և տրամադրման հետ կապված հարաբերությունները:
Նախագծի ընդունմամբ նախարարի այս հրամանն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից։
Նախարարությունը ներկայացրել է տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը․
- Փոխհատուցում տրվում է ՀՀ մարզերում տեղակայված հաստատությունների այն մանկավարժական աշխատողերին, որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայված (որի հեռավորությունը իրենց բնակության վայրից ավելի է 5 կմ-ից) հաստատության մանկավարժական աշխատող 0.5 և ավելի հաստիքային դրույքով:
- Այն հաստատությունները, որոնք մանկավարժների ուղեփոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և ՀՀ պետական բյուջեից ստանում են վառելիքի և (կամ) վարորդի աշխատավարձի և (կամ) այլ տրանսպորտային ծախսերի գծով փոխհատուցում, չեն հանդիսանում սույն կարգի 1-ին կետում նշված միջոցառման շահառու:
- Փոխհատուցման առավելագույն չափ է համարվում (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար).
- միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,
- միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,
- միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս քան 200 ՀՀ դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար,
- միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ տվյալ բնակավայրից տվյալ դպրոց երթևեկող սույն կարգի 3-րդ կետում ընդգրկված մանկավարժական աշխատողների և սովորողների թիվը առավելագույնը 4 լինելու դեպքում և դրանից պակաս լինելու դեպքում՝ 1000 ՀՀ դրամ (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար՝ հավասար չափերով բաշխված այդ մանկավարժական աշխատողների և սովորողների միջև։
Ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ չնայած պետության կողմից որդեգրված՝ մանկավարժական աշխատանքի գրավչության բարձրացմանն ուղղված քաղաքականության իրականացմանը՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում, համապատասխան որակավորմամբ մասնագետների բացակայությամբ պայմանավորված, առկա մանկավարժական աշխատողների թափուր հաստիքների թիվը շարունակում է մնալ մտահոգիչ. ներկայում չհամալրված հաստիքների թիվը շուրջ 450 է:
Նախագիծը նպատակ ունի տրանսպորտային ծախսերի փոխհատուցման միջոցով հստակեցնելու նախադպրոցական ուսումնական հաստատություններում մասնագիտական կադրերի առկայության ապահովման ընթացակարգը:
Իրավական ակտի ընդունումը կնպաստի նախադպրոցական ուսումնական հաստատություններին բնականոն գործունեության ապահովման համար նախադրյալների ստեղծմանը:
Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ։