ԻՀԱ խորհրդի հերթական նիստում հաստատվեց կազմակերպության զարգացման նոր տեսլականը

Մարտի 6-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ԻՀԱ խորհրդի հերթական նիստը՝ նախագահ Կարեն Զադոյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին խորհրդի բոլոր անդամները՝ Մարատ Ատովմյանը, Կարեն Քոչարյանը, Արփինե Եղիկյանը և Աստղիկ Մատինյանը:

Օրակարգի առաջին կետով ԻՀԱ նախագահը ներկայացրեց 2025թ. հունվար-փետրվար ամիսների գործունեության հաշվետվությունը: Հատկապես կարևորվեց

 «Արցախահայերի իրավունքների պաշտպանություն» ծրագիրը, որը վերսկսվել է փետրվարի 1-ից: Զեկույցում ընդգծվեց Armrights.am հարթակի դերը արցախահայերի խնդիրների վերհանման և իրազեկման հարցերը, ինչպես նաև ազգային գործարարաներին և բարերարներին այս հարցի շուրջ համախմբման կարևորությունը: ԻՀԱ-ի նախագահի տեղակալ Մարատ Ատովմյանը խորհրդին ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալի հետ նախօրեին տեղի ունեցած աշխատանքային հանդիպման արդյունքները և հակակոռուպցիոն համակարգի մարմինների հետ համագործակցության հեռանկարները:

Խորհրդի նիստի առանցքային հարցը ԻՀԱ-ի զարգացման նոր տեսլականի հաստատումն էր: Տեսլականը մշակվել է՝ հաշվի առնելով Հայաստանում խոշոր դոնոր կազմակերպությունների ծրագրերի փակումը և կենտրոնանալով կազմակերպության ուժեղ կողմերի վրա: Հիմնական շեշտը դրվել է երկարաժամկետ կայունության ապահովման վրա՝ հիմնված մասնագիտական հմտությունների, միջազգային կապերի և տարիների փորձառության վրա:

Տեսլականի կարևորագույն բաղադրիչներից է ԻՀԱ-ի կողմից գործարկվող Iravaban.net մասնագիտական առցանց մեդիան, որը նախատեսվում է զարգացնել բիզնես հիմքերի վրա՝ կազմակերպության և մեդիայի ինքնաբավության ամրապնդման նպատակով: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Iravaban.net-ի միջոցով դատաիրավական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության ոլորտներում բարեփոխումների առաջնորդման գործառույթներին:

Խորհուրդը միաձայն հաստատեց այս տեսլականը, որը հետագայում կարտացոլվի ԻՀԱ-ի բարելավված ռազմավարական պլանում:

Նիստում քննարկվեց նաև 2024-2025թթ. անդամավճարների վճարման ընթացքը և հաշվետու ժամկետում ներգրավված դրամական միջոցների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: Մանրամասն ներկայացվեցին ԻՀԱ-ի կողմից իրականացվող տնտեսական գործունեությունից ստացված եկամուտների արդյունքները, որոնք ուղղվել են ծրագրերի իրականացմանը և կազմակերպության կարողությունների զարգացմանը: Որոշվեց ընդլայնել անդամների միջև ցանցային հնարավորությունները՝ ստեղծելով մասնագիտական փորձի փոխանակման նոր հարթակներ:

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց 2025թ. հոկտեմբերի միջազգային իրավաբանական համաժողովին: Հարցը զեկուցեցին ԻՀԱ-ի նախագահ Զադոյանը և նախագահի տեղակալ Ատովմյանը: Վերջնականացվեց համաժողովի օրակարգի նախագիծը և որոշվեց արագացնել կազմակերպչական աշխատանքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել