«Մեզ դրել եք շատ վատ իրավիճակի մեջ»․ Ռաֆֆի Մեխջյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

«Ռաֆֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի» ՀՁ ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Ռաֆֆի Մեխջյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Հարգարժան պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

Ես՝ Ռաֆֆի Հարությունի Մեխջյանս, հանդիսանալով դեռևս 1998 թվականին հիմնված «Ռաֆֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի» ՀՁ ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենը, դիմում եմ Ձեզ։

«Ռաֆֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի» ՀՁ ՍՊԸ-ն ավելի քան 27 տարի գործում է հայկական շուկայում Rio Grande ապրանքանիշի ներքո։ Ընկերությունը զբաղվում է սուրճերի և ձավարեղենի արտադրությամբ և փաթեթավորմամբ։ Տարիներ շարունակ պահելով մեր արտադրանքի բարձր որակը՝ մեր ընկերությունը եղել է ՀՀ պատմության մեջ ամենամեծ սուրճ արտահանողը։

Սույնով ուզում եմ տեղեկացնել, որ Ձեր կողմից ընդունված ապրանքների ու արտադրանքի պարտադիր դրոշմավորմանը վերաբերվող օրենքով մեզ դրել եք շատ վատ իրավիճակի մեջ։

Նախ, առաջին հերթին, տվյալ գործողությունները վստահվել են «Ի-Մարկ» ՍՊԸ-ին, որը, փաստորեն, կարող է տիրանալ ցանկացած արտադրողի կոմերցիոն գաղտնիքին (թե ինչքա՞ն ենք վաճառում, ու՞մ ենք վաճառում, ինչպե՞ս ենք վաճառում և այլն)․ սա անընդունելի է։

Երկրորդ, հարգարժան պարոն վարչապետ, ինչպե՞ս եք կարծում, եթե ՀՀ Կառավարությունն իր առջև խնդիր է դրել իր կողմից նշված ոլորտները վերահսկելու, ապա արեք դա Ձեր հաշվին, և ոչ թե արտադրողի։ Ապրանքների պարտադիր դրոշմավորման մեկ ծածկագրի արժեքը կազմում է 4,2 դրամ, որին գումարվելու է նաև նշված ծածկագրերի տպագրության համար կատարվող հավելյալ ծախսերը (առնվազն 2,4 դրամ՝ մեկ ծածկագրի համար): Համեմատության համար նշենք, որ «Ռաֆֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի» ՀՁ ՍՊԸ-ի կողմից վաճառվող Սառը սուրճ 170մլ արտադրանքի վաճառքի միջին գինը կազմում է 115 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), և նման հավելյալ ծախսերի առաջացումը զգալիորեն կբարձրացնի նշված և մյուս արտադրատեսակների ինքնարժեքը։

Այսօր ոչ մի արտադրող երանելի վիճակում չէ։ Մենք ապրում ենք անորոշության մեջ և ոչ մի երաշխիք չունենք՝ մեր վաղվա օրը խաղա՞ղ է լինելու, թե՞ ոչ։ Մեր հոգսերն այնքան շատ են, որ այլևս ոչ մի ֆինանսական հնարավորություն չունենք նոր հոգսերի հետ դեմ առ դեմ մարտնչելու։ Ուստի ես՝ որպես գործարար և միևնույն ժամանակ հասարակական գործունեությամբ զբաղվով մարդ, խնդրում եմ վերանայել Ձեր որոշումները, և եթե մենք գնալու ենք այս նույն ուղով, գոնե Ձեր վրա վերցրեք այս ծախսերը՝ ինչպես կատարվում էր նախկինում «Տեղական» կամ «Ներմուծված» դրոշմապիտակների պարագայում։

Հարգանքներով՝ Ռաֆֆի Մեխջյան»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել