ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված Թաթուլ Միրզոյանը մարտի 4-ին գրանցել է իր հերթական ռեկորդը՝ պառկած դիրքից 30 կիլոգրամանոց ծանրաձողը հրելով 222 անգամ։
Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
Միջոցառմանը ներկա են եղել հիմնարկի վարչակազմը, Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Թովմասյանը և ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, սպորտի վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը:
Թաթուլ Միրզոյանի նվաճումը գրանցվելու է «Դյուցազնագրքում», իսկ Վարդան Թովմասյանը դատապարտյալ Թաթուլ Միրզոյանին հանձնել է նախկին ռեկորդը փաստող հավաստագիր․ վերջինս ձեռքերով 16 կիլոգրամանոց կշռաքարով անընդմեջ ուսագոտուց հրում վեր վարժությունը կատարել էր 2000 անգան 1 ժամ 18 րոպե ժամանակահատվածում։
