ՀՀ հատուկ քննչական ծառայության 2014թ. հունվարի 25-ին անցկացված խորհրդակցությունը նվիրված էր ծառայության 2013թ. կատարած աշխատանքներին: Խորհրդակցությունը նախագահել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը:
ՀՔԾ-ի լրատվության բաժնի տարածած տեղեկության մեջ ներկայացվում է 2013թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության կատարած աշխատանքները:
«Անցած տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 239 քրեական գործ` նախորդ տարվա 204-ի դիմաց, ինչի արդյունքում քննված քրեական գործերի թիվը 2013թ.-ի համեմատ աճել է 17 տոկոսով:
239 քրեական գործերից 7-ը փոխանցվել է նախորդ տարվանից, իսկ 232-ը ընդունվել է վարույթ: Անցած տարի վարույթ ընդունված քրեական գործերից 119-ը հարցուցվել է քննչական ծառայությունում, 102-ը ստացվել է այլ մարմիններից, իսկ 11-ը վերսկսվել է նախկինում կասեցված քրեական գործերից:
Քննված 239 քրեական գործերից ավարտվել է 93-ը, որոնցից 48-ը ուղարկվել է դատարան, իսկ 45-ը` կարճվել:
Դատի տրված 78 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 33-ը, իսկ 45 անձի նկատմամբ կիրառվել է կալանքի հետ չկապված խափանման միջոց:
Ծառայությունում քննված քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելիս կարևորվել է այն, որ դա բացառիկ խափանման միջոց է և յուրաքանչյուր դեպքում հաշվի է առնվել ոչ միայն կոնկրետ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այլև կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու օրենսդրական հիմքերի առկայությունը:
Նախորդ տարվա ընթացքում Հատուկ քննչական ծառայությունից դատարան ուղարկված քրեական գործերն ըստ բնույթի եղել են. կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ` 3 անձի վերաբերյալ, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված` 2 անձի վերաբերյալ, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված` 2 անձի վերաբերյալ:
Եղել են նաև խախտումներ՝ ուղղված մարդու և քաղաքացիների սահմանադրական իրավունքների ազատությունների դեմ, սեփականության, տնտեսական գործունեության հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բարոյականության, պետական ծառայության, կառավարման կարգի, արդարադատության, զինվորական ծառայության կարգի դեմ:
Հատուկ քննչական ծառայության վարույթում անցած տարի քննված 239 քրեական գործից 77-ը եղել է կոռուպցիոն բնույթի, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ կոռուպցիոն դեպքերի բացահայտումներն աճել են:
2012թ-ին Հատուկ քննչական ծառայությունում քննվել է կոռուպցիոն բնույթի 46 գործ, ինչը նշանակում է, որ 2013թ-ին նման դեպքերի բացահայտումն ավելացել է 31-ով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Նախորդ տարվա ընթացքում Հատուկ քննչական ծառայությունում ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված նյութական վնասի չափը կազմել է 1.293.932.531 դրամ, իրավաբանական անձանցը՝ 153.269.549 դրամ, ֆիզիկական անձանցը՝ 271.199.106 դրամ:
Պետությանը պատճառված 1.293.932.531 դրամ վնասից վերականգնվել է 1.240.532.531 դրամ կամ` պատճառված վնասի 95,9 տոկոսը: Իրավաբանական անձանց պատճառված 153.269.549 դրամ վնասից վերականգնվել է պատճառված վնասի 100 տոկոսը: Ֆիզիկական անձանց պատճառված 271.199.106 դրամ վնասից վերականգնվել է 109.742.300 դրամ կամ` պատճառված վնասի 40,5 տոկոսը:
Ավարտված գործերով ընդհանուր առմամբ պատճառված 1.718.401.186 դրամ վնասից նախաքննության ընթացքում կանխիկ գումարով և գույքով վերականգնվել է 1.503.544.380 դրամ կամ` պատճառված վնասի 87,5 տոկոսը:
Խորհրդակցության ավարտին ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցներ` ծառայության պետի տեղակալ Վ. Հովհաննիսյանը և հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Մ. Բաբայանը, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվեցին «Մխիթար գոշ» մեդալով»: