ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը գրավոր ընթացակարգով քննության է առել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի օգոստոսի 11-ի որոշման դեմ մեղադրյալ Հարություն Արսենի Ավետիսյանի պաշտպաններ Մ.Շխիմյանի և Ա.Պիվազյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը։
Վճռաբեկ դատարանը, Հարություն Ավետիսյանի վերաբերյալ 2025 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ զարգացնելով Վոլոդյա Սուքիասյանի գործով 2022 թվականի մարտի 4-ի թիվ ԵԴ/0591/06/20 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ ի ապահովումն անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքի՝ օրենսդիրը լրացուցիչ պայմաններ է նախատեսել կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու համար, եթե նրա վերաբերյալ միջնորդությունը մերժվել է կամ վերջինս համապատասխան որոշմամբ ազատվել է կալանքից։
Այսպես, անձը կրկին կարող է կալանավորվել միայն այն դեպքում, երբ ի հայտ են եկել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելիս կամ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելիս, և որոնք հիմնավորում են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը։
Քննարկվող դեպքում կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորող նոր էական հանգամանքներ ներկայացնելու օրենսդրական պահանջը ելնում է իրավաչափ այն գաղափարից, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի երաշխավորման համատեքստում դատարանի կողմից չի կարող բավարարվել այն միջնորդությունը, որում ներկայացված՝ կալանավորման պայմանների և հիմքերի առկայության վերաբերյալ նույն հիմնավորումներն արդեն իսկ մեկ անգամ բավարար չեն գնահատվել նույն մեղադրանքով նույն անձի քննարկվող իրավունքը սահմանափակելու համար:
Ի՞նչ է պարզել Վճռաբեկ դատարանը
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի հունիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 57113622 քրեական գործը։
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ Հարություն Ավետիսյանը ձերբակալվել է:
2022 թվականի հուլիսի 20-ին Հ.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 2022 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 2023 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Հ.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգվել է՝ 1 ամիս ժամկետով:
Նախաքննության մարմինը 2023 թվականի հունիսի 19-ին նոր որոշում է կայացրել Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Հսկող դատախազ Ա.Բարսեղյանի՝ 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ Հ.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացվել է:
2023 թվականի հուլիսի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանը, դատական նիստում, նախնական դատալսումների ընթացքում, 2023 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ մեղադրյալ Հ.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 3 (երեք) ամիս ժամկետով, նույն ժամանակահատվածով սահմանափակելով վերջինիս՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը, բացառությամբ մերձավոր ազգականների:
3. Հ.Ավետիսյանի պաշտպաններ Մ.Շխիմյանի և Ա.Պիվազյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հուլիսի 14-ի որոշումը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 11-ի որոշման դեմ մեղադրյալ Հ.Ավետիսյանի պաշտպաններ Մ.Շխիմյանի և Ա.Պիվազյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերները նշել են, որ Վերաքննիչ դատարանը հատուկ վերանայման բողոքը մերժելու և բողոքում ներկայացված որևէ փաստարկի չանդրադառնալու հետևանքով կոպտորեն խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ, 27-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջները, որի արդյունքում կայացրել է չպատճառաբանված դատական ակտ՝ խախտելով ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Բողոքաբերների պնդմամբ՝ նշված էական խախտման արդյունքում պաշտպանության կողմը զրկվել է հիմնարար իրավունքից՝ պաշտպանության իրավունքի պատշաճ իրացման հնարավորությունից, իսկ Առաջին ատյանի դատարանը հրաժարվել է դատական նիստը նույնիսկ մեկ օրով հետաձգել:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերները խնդրել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 11-ի որոշումը՝ բեկանված մասով կայացնելով դրան փոխարինող դատական ակտ` վերացնելով Հ.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը կամ փոփոխելով այն այլընտրանքային խափանման միջոցով կամ այդպիսի միջոցների համակցությամբ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Հարություն Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա տեղեկություններ և միջոցներ տրամադրելով օժանդակել է մի խումբ անձանց կողմից շատերի (այլ անձանց) կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար Վարազդատ Բարոյանին դիտավորությամբ կյանքից զրկելուն (…)» ։
8. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Քրեական գործի նյութերով, մասնավորապես՝ մեղադրական եզրակացությունում նշված ապացույցներով հիմնավորվում է այն կասկածը, որ մեղադրյալ Հարություն Արսենի Ավետիսյանը ենթադրաբար կարող է կատարած լինել իրեն մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքները և կարող է առնչություն ունենալ դեպքին։ Այլ կերպ ասած՝ առկա է հիմնավոր կասկած՝ մեղադրյալի կողմից իրեն մեղսագրվող հանրորեն վտանգավոր արարքը ենթադրաբար կատարելու վերաբերյալ:
Անդրադառնալով մեղադրյալ Հարություն Արսենի Ավետիսյանի կալանքի հիմքին՝ Դատարանը գտնում է, որ բարձր է հավանականությունն առ այն, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել քրեական վարույթին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական վարույթը գտնվում է նախնական դատալսումների փուլում, դեռևս պետք է հարցաքննվեն մի շարք վկաներ և տուժող, ուստի վերջինս ազատության մեջ մնալով կարող է ապօրինի ազդեցություն գործադրել նրանց նկատմամբ, խոչընդոտել քրեական վարույթին:
Դատարանն արձանագրում է, որ տվյալ փուլում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված նպատակներին հնարավոր չէ հասնել մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ, քանի որ այլ խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, հետևաբար վարույթի բնականոն ընթացքն ապահովելու համար մեղադրյալ Հարություն Արսենի Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ենթակա է կիրառման կալանքը 3 (երեք) ամիս ժամկետով, նույն ժամանակահատվածով սահմանափակելով վերջինիս՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը, բացառությամբ մերձավոր ազգականների (…)» :
9. Վերաքննիչ դատարանը 2023 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերոգրյալ իրավական նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Առաջին ատյանի դատարանի որոշման վերը նշված հիմնավորումներն ամբողջությամբ ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալ Հարություն Ավետիսյանի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունները չկատարելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը բարձր է:
Վերաքննիչ դատարանի նման եզրահանգման հիմքում ընկած են հետևյալ հանգամանքները.
- սույն քրեական վարույթը գտնվում է նախնական դատալսումների փուլում, հետազոտված չեն առանցքային նշանակություն ունեցող ապացույցները, այդ թվում՝ հարցաքննված չեն սույն գործով անցնող վկաները և տուժողը,
- մեղադրյալ Հարություն Ավետիսյանին մեղսագրվող ենթադրյալ հանցագործության բնույթը, վտանգավորության աստիճանը, այդ թվում նաև` հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ենթադրյալ կատարման եղանակը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը։
Ի՞նչ պատճառաբանություններ և եզրահանգումներ է ներկայացրել Վճռաբեկ դատարանը
11. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևությունները՝ Հ.Ավետիսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ:
12. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար»:
Նույն օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կալանքից ազատված անձը չի կարող կրկին կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին»:
12.2. Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով :
Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ի ապահովումն անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքի՝ օրենսդիրը լրացուցիչ պայմաններ է նախատեսել կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու համար, եթե նրա վերաբերյալ միջնորդությունը մերժվել է կամ վերջինս համապատասխան որոշմամբ ազատվել է կալանքից։ Այսպես, անձը կրկին կարող է կալանավորվել միայն այն դեպքում, երբ ի հայտ են եկել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելիս կամ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելիս, և որոնք հիմնավորում են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը։
Քննարկվող դեպքում կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորող նոր էական հանգամանքներ ներկայացնելու օրենսդրական պահանջը ելնում է իրավաչափ այն գաղափարից, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի երաշխավորման համատեքստում դատարանի կողմից չի կարող բավարարվել այն միջնորդությունը, որում ներկայացված՝ կալանավորման պայմանների և հիմքերի առկայության վերաբերյալ նույն հիմնավորումներն արդեն իսկ մեկ անգամ բավարար չեն գնահատվել նույն մեղադրանքով նույն անձի քննարկվող իրավունքը սահմանափակելու համար :
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Հ.Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել տեղեկություններ և միջոցներ տրամադրելով մի խումբ անձանց կողմից շատերի (այլ անձանց) կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար Վարազդատ Բարոյանին դիտավորությամբ կյանքից զրկելուն օժանդակելու համար ։
- Հսկող դատախազ Ա. Բարսեղյանի՝ 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ Հ.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացվել է :
- Առաջին ատյանի դատարանը, 2023 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ, առանց նոր էական հանգամանք վկայակոչելու և այդ հարցն անգամ քննարկման առարկա դարձնելու, կրկին կալանավորել է Հ. Ավետիսյանին՝ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելով մեղադրական եզրակացությունում նշված ապացույցներով, իսկ խափանման միջոց կիրառելու հիմքը հիմնավորել է այն հանգամանքով, որ գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում և դեռևս պետք է հարցաքննվեն մի շարք վկաներ ու տուժողը, ուստի մեղադրյալը կարող է խոչընդոտել քրեական վարույթին և ապօրինի ազդեցություն ունենալ նրանց վրա: Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ այլընտրանքային խափանման միջոցները ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը :
- Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Հ. Ավետիսյանի պաշտպաններ Մ. Շխիմյանի և Ա. Պիվազյանի հատուկ վերանայման բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը որոշել է՝
1. Ճանաչել մեղադրյալ Հարություն Արսենի Ավետիսյանի իրավունքի խախտման փաստը։
2. Հարություն Արսենի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 11-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։