Ես կարծում եմ, որ այդ հարցերի հասցեատերը դատարանն է, քանի որ դատարանն է փոխել խափանման միջոցը: Այս մասին, անդրադառնալով քրեական հեղինակություն հանդիսացող «Չաղ Ռուստամ» անունով հայտնի Ռուստամ Ստեփանյանի ազատ արձակմանը, ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Մենք խափանման միջոցն իրականացնող մարմինն ենք ու այժմ խափանման միջոցի իրականացումը տեղափոխվել է պրոբացիայի ծառայության դաշտ: Մեր խնդիրն է՝ խափանման միջոցի իրականացման պատշաճ իրականացումը»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ քայլեր են իրականացվելու նրա կողմից վտանգավոր այլ արարքների իրականացումը կանխելու համար, նախարարը նշեց.
«Տնային կալանքը ենթադրում է մեկուսացվածության պայման ու կարծում եմ՝ ամեն ինչ պետք է անենք, որ խնդիրների առաջ չկանգնենք: Ես ենթադրում եմ, որ դատախազությունը կբողոքարկի: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են դատարանները բաց թողնում, մի բանի մասին է խոսում, որ հսկողության դաշտում որևէ հնարավոր կապեր դատարանների հետ, ուղղակի չկա: Այո, դատարանը կայացրել է որոշում, որից կարող ենք դժգոհել, բայց այդ որոշումը կաայացրել է դատարանը»,- ասաց Սրբուհի Գալյանը:
Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն «Ֆազի՝» Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով կալանքի տակ գտնվող «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանն ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին հայտարարություն է տարածել նրա պատշտպանի՝ Գեղամ Հակոբյանի փաստաբանական գրասենյակը։