Մենք ստացել ենք Խաղաղության պայմանագրի նախագծի 12-րդ խմբագրությունը, սա վկայությունն է, որ գործընթացը փակուղում չէ։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։
«Մենք պետք է մեր առաջարկները ներկայացնենք, պրոցեսը գնում է։ Տեղյակ եք, որ սահմանազատման հանձնաժողովներն են աշխատում։ Մենք հարցի լուծում ենք առաջարկել, և հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի այդ լուծմանը, իսկ ինչու պետք է Ադրբեջանը բացասական արձագանքի մեր այդ լուծման առաջարկին։ Օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ մերժելու հիմքեր չկան։
Դա վերաբերվում է երկաթուղային փոխադրումներին՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն, որը կօգտագործվի Արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան՝ ՀՀ ինքնիշան տարածքով, և Հայաստանից Հայաստան՝ Երասխից Մեղրի։ Երկու երկրները հնարավորություն կունենան երկաթուղին օգտագործել միջազգային բեռնափոխադրումների համար։
Ադրբեջանը հիմա Իրանի տարածքով ունի կապ Նախիջևանի հետ, և այդ հաղորդակցությունը խոչընդոտված չէ, ոչ մեկ չի համարում, որ դա խոչընդոտված հաղորդակցություն է։ Նույն պայմանները Իրանի կողմից առաջարկված, մենք նույնպես պատրաստ ենք գնալ պարզեցումների։ Ինչու ենք պատրաստ պարզեցումների, որովհետև նույն սկզբունքով մենք խնդիր ունենք Երասխից Մեղրի երկաթուղային հաղորդակցություն ապահովել․ սպասում ենք պաշտոնական պատասխանի։
Այս տարիների ընթացքում բանակցությունների մեջ ենք եղել, Ադրբեջանի ինչ-որ մտահոգություններ չեն փարատվել այդ պահին եղած առաջարկով։ Մենք մեր բանակցային պատմությունը վերլուծել ենք և ասել ենք՝ կարող է այս թնջուկը ինչ-որ մի մոտեցում կա, որ լուծում է մեր բոլորի բարձրացված հարցերը, և գտել ենք այդպիսի բանաձև։ Ես ինչո՞ւ այդ առաջարկները չեմ հրապարակում, որովհետև այդ թվում Հայաստանի ժողովրդի համար, այդ թվում Ադրբեջանի ժողովրդի համար մեր առաջարկությունը կլինի ընդունելի հարյուր տոկոսով։ Ես չեմ հրապարակում, որ լարվածություն չլինի, որ մենք առանց Ադրբեջանի արձագանքի հրապարակել ենք»,-ասել է Փաշինյանը։