«Նիկոլ Փաշինյանի կողմից եղել է առաջարկ, որ օրենքի նախագիծը ուժի մեջ մտնի անմիջապես ապրիլի 1-ից»․ Հայկ Սարգսյանը՝ բուքմեյքերական և շահումով խաղերով զբաղվող ընկերությունների հարկերի բարձրացման մասին

Այսօր՝ փետրվարի 26-ին, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկեց իր կողմից ներկայացված օրենքի նախագծի փաթեթը ներառել ԱԺ մարտի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում և սահմանել հատուկ ընթացակարգ՝ 24 ժամյա ռեժիմով ընդունելու մասով։

Նախագծով առաջարկվում է առկա հարկերից եւ տուրքերից բացի ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի գործունեության ոլորտը հարկել 10 տոկոս շրջանառության հարկով: Սա նշանակում է խաղային հաշվին լիցքավորված 100 հազար դրամից պետք է հարկվի 10 հազար դրամը: Հիմնավորվում է, որ ոլորտի շրջանառությունը 2023 թվականին հասել է 6.5 տրիլիոնի՝ վերջին տասը տարում աճելով ավելի քան 440 անգամ: Մինչդեռ շրջանառության ծավալի և վճարված հարկերի հարաբերակցությունը նվազել է ավելի քան 14 անգամ:

«Ինչպես արդեն գիտեք, մենք երկշաբաթյա ժամկետով հետաձգեցինք այս օրենքի ընդունումը, և սրանով է նաև պայմանավորված անհրաժեշտությունը՝ հատուկ ռեժիմի, որպեսզի օրենքը գործի ապրիլի 1-ից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եղել է առաջարկ, որ օրենքի նախագիծը ուժի մեջ մտնի ոչ թե օրենքի ընդունումից 6 ամիս հետո, այլ անմիջապես՝ ապրիլի 1-ից, ինչը ես մեծ սիրով ընդունել եմ։ Բուքմեյքերական և շահումով խաղերով զբաղվող ընկերությունների հարկային պարտավորությունները կավելանան արդեն ապրիլի 1-ից»,-նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել