Փոփոխություններ՝ ատեստավորման գործընթացի կազմակերպման մեջ․ նախագիծ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով մի շարք փոփոխություններ են նախատեսվում ուսուցիչների համար։

Նախարարությունից հայտնում են, որ նախագծի մշակումը նպատակ ունի կարգավորելու ուսուցչի կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները՝ բացառելով գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում ծագած խնդրահարույց հարցերն ու դրանց ոչ միանշանակ հետևանքները: Իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման արդյունքում  կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ։

Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրոնային թեստավորման եղանակով ատեստավորման դեպքում 1-ին փուլում բողոքարկման հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ:

Հիմնավորման մեջ նշված է, որ գործող կարգավորմամբ՝ անկախ դասավանդած առարկաների քանակից, ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։ Առաջարկվող փոփոխությամբ կազմակերպվող առաջիկա ատեստավորմանը դասավանդած այլ առարկայից կրկին դիմելու և ատեստավորումը հաղթահարելու դեպքում հավելավճար կհաշվարկվի նախկին կարգավորումներին համապատասխան՝ առանց կրկնակի հավելավճարի սահմանման:

Նախագծում 2025 թվականի նոյեմբերի 1-ից հետո կամավոր ատեստավորման հայտ կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ձևավորված հարթակում: Այս փոփոխությամբ ԿԿՏ համակարգում կլինի էլեկտրոնային միասնական հարթակ, որում հնարավոր կլինի մանկավարժական աշխատողների ընդունելության, մասնագիտական զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերին մասնակցելու միայն էլեկտրոնային հայտագրում իրականացնել, այդ թվում՝ կամավոր և հերթական ատեստավորումների, տարակարգի:

Նախագծում ներկայացվել է տեխնիկական բնույթի խնդրի առկայության դեպքում այն տեղում քննելու հնարավորությունը: Գործող կարգում թեստավորման աշխատանքն ավարտած մասնակիցն անմիջապես դուրս էր գալիս քննասենյակից, իսկ առաջարկվող կարգավորմամբ էլեկտրոնային թեստավորումից անմիջապես հետո մասնակիցը տեխնիկական բնույթի խնդրի առկայության դեպքում կստանա պարզաբանում:

Առաջարկվող նախագծում ատեստավորումը չհաղթահարած ուսուցչի համար պարտադիր պահանջ է սահմանվել՝ եթե մինչև հաջորդ ատեստավորումը վերջինս  գտնվելու է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար սահմանված արձակուրդում, արձակուրդից վերադառնալուց հետո պետք է  անցնի առարկայական պարտադիր վերապատրաստում և մասնակցի կազմակերպվող առաջիկա կամավոր ատեստավորմանը:

Նախագծում հստակեցվել են նաև մեկից ավելի առարկա դասավանդող ուսուցչի՝ որևէ առարկայի ատեստավորումը չհաղթահարելու պարագայում նույն կամ այլ առարկայի դասավանդման պահանջները։

Ատեստավորման արդյունքում ուսուցչին տրամադրվող հավելավճարի հետ կապված կարգավորումները շարադրվել են ավելի հստակ՝ այն տրամաբանությամբ, ինչպես ատեստավորումն անցած շահառուներին այս տարիներին տրամադրվում են հավելավճարները: Վերանայված ձևակերպումները հետագայում թյուրըմբնումների տեղիք չեն տա:

Ասված է նաև, որ նախագծով առաջարկվող փոփոխությունները կամավոր ատեստավորման գործընթացի իրավակարգավորումը կդարձնեն ավելի հստակ, իսկ ստեղծվող այլ իրավահարաբերությունները՝ հնարավորինս իրավաչափ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել