ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը հարց ուղղեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։ Եվրոպական գործընկերների մոտ բարձրացվեցին խոսքի ազատության, ատելության խոսքի դեմ պայքարի, դատական համակարգի վրա գործադիրի ազդեցության վերաբերյալ հարցեր։ Ընդգծվեցին մի քանի գործեր, որոնք Մամիջանյանը քաղաքական հետապնդման համատեքստում դիտարկեց (Մամիկոն Ասլանյան, Արմեն Աշոտյան, Էդգար Ղազարյան)։
«Օրինակ՝ Էդգար Ղազարյանին դատարանն արգելել է արտահայտվել դատավորների մասին, պատճառը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումն է։ Կարծում եմ՝ այս հարցերը արդարադատության համատեքստում են գտնվում և էական են»,-նշել է Մամիջանյանը։
Արդարադատության նախարարի խոսքով՝ պատգամավորի կողմից նշված անձանցից շատերը հետապնդվում են իրենց պաշտոնավարման ընթացքում կատարած պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, իսկ պնդումը, թե քրեական հետապնդման են ենթարկվում միայն նախկինում պաշտոն զբաղեցրած անձինք, իրականությանը չի համապատասխանում․ «Այս Կառավարության օրոք քրեական հետապնդում է հարուցվել գործող նախարարների, գործող փոխնախարարների նկատմամբ։ Այսինքն, եղել են ժողովրդավարության և իրավակարգի ամրապնդման համատեքստում այնպիսի երևույթներ, որոնք երբևէ չեն եղել նախորդ իշխանությունների օրոք։ Խնդիրն այն չէ, որ պետք է թիրախավորվեն կոնկրետ մարդիկ, պետք է թիրախավորվեն կոնկրետ երևույթները»։
Մանրամասները՝ տեսանյութում։