Հունվարի 10-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դիմումը: Դիմողը թիվ ՍԴ3/0013/01/21 քրեական գործով ներկայացված «Կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2025 թվականի հունվարի 7-ի որոշմամբ խնդրել է «Թիվ ՍԴ3/0013/01/21 դատական վարույթով կիրառման ենթակա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների սահմանադրականության հարցը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան»:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Քրեական դատավարության 12-րդ հոդվածը սահմանում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքները։ 3-րդ մասի համաձայն՝ անձի մահվան դեպքում քրեական հետապնդումը բացառող չէ, եթե մահացածի օրինական ներկայացուցիչն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ մահացածը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այu դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում: Սույն հոդվածի 1-ին մաuի 10-րդ կետը (անձի մահանալը) չի տարածվում քաղաքացիական դատավարության կարգով անձին մահացած ճանաչելու դեպքերի վրա:
Դատարանի մոտ ձևավորվել է հիմնավոր կասկած, որ վիճարկվող նորմը հակասում է օրենքի առջև ընդհանուր հավասարության սկզբունքին, քանի որ արդյունքում չի ապահովվում դրա բաղադրատարր հանդիսացող՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքները, հակասում է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներին, քանի որ մահացած մեղադրյալը ներկա չի գտնվում իր վերաբերյալ ընթացող դատավարությանը, հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 80-րդ և 81-րդ հոդվածներին, քանի որ հաշվի չի առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի հիման վրա գործող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ վերը նշված նախադեպային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը:
Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման։
Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմումը չի պարունակում դատարանի՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պահանջը:
Նախնական դատալսումներում քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերի առկայության վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ քննարկվել է մահվան հիմքով Վոլոդյա Գալոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը: Մահացած մեղադրյալի օրինական ներկայացուցիչն առարկել է քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ:
Հանրային մեղադրողը հայտնել է, որ տվյալ դեպքում առերևույթ առկա է կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության խնդիր, ուստի գտել է, որ անհրաժեշտ է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:
Նշենք, որ ՍԴ 2017 թվականի մարտի 21-ի որոշմամբ՝ «մահացածի մերձավոր ազգականները պետք է հնարավորություն ունենան պահանջելու շարունակել քրեական գործի վարույթը նրա անմեղության հարցը լուծելու նպատակով, ինչի արդյունքում, եթե դատարանը կայացնի արդարացման դատավճիռ, մի կողմից կապահովվի մահացածի իրավունքների լիարժեք և արդյունավետ պաշտպանությունը, մյուս կողմից` որպես իրավահաջորդ հանդես եկող մերձավոր ազգականները ձեռք կբերեն մահացածի արդարացվածի կարգավիճակից բխող իրավունքներ»:
Սահմանադրական դատարանը որոշել է՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։