Տղամարդը այրել է ծանոթին՝ իր և մոր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար

Աշոտ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել սպանելու՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով հարվածներ հասցնելու, ապա այրելու եղանակով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ հասցնելու համար։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել 2024-ի հոկտեմբերի 10-ին և մակագրվել դատավոր Գոռ Գասպարյանին։

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նշվում է, որ Աշոտ Ա․-ը իր տան բակում, կենցաղային հարցերի՝ իր և իր մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու պատճառով վիճաբանել է իր ծանոթ Սամվել Ղ․-ի հետ, որի ընթացքում վերջինիս սպանելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում նաև՝ կենսական կարևոր օրգան հանդիսացող գլխին, ապա նրան տեղափոխել է տան հետնամաս և այրել՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի ծանր վնասվածքներ, որոնք էլ հանգեցրել են մահվան:

Վկաներից մեկը պատմել է, որ ինքն աշխատանքի է եղել, երբ իր ընկեր Գոքորը զանգել և իրեն հայտնել է, որ նման դեպք է եղել՝ խմել են, ծեծել են իրար, սպանել ու կտրտել, ինչպես նաև հարցրել է Աշոտ անունով, 35 տարեկան մարդու մասին։ Ինքը չի հավատացել, ուստի՝ զանգել է տուն և կնոջն ասել այդ մասին, սակայն կինը ոչնչից տեղյակ չի եղել: Դրանից հետո ինքն Աշոտին չի զանգել, քանի որ աշխատանքի է եղել և մտածել է, որ գործից հետո կգնա տուն և ամեն ինչ կիմանա: Երեկոյան գնացել է տուն և իմացել, որ Աշոտին տարել են, սակայն չի իմացել, թե ինչն է եղել պատճառը: Դրանից բացի, տարբեր խոսակցությունից ևս իմացել է, որ Աշոտի տանը վերջինս և Սամվելը հանդիպել են և կերել ու խմել, որի ընթացքում նրանք իրար չեն հասկացել, իսկ Աշոտը Սամվելին ծեծել է, սպանել ու վառել:

Դատարանը վճռել է Աշոտ Ա․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկման ձևով՝ 11 տարի ժամկետով:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ այն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:

Դատական ակտը հրապարակվել է փետրվարի 3-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել