Արման Գ.-ին մեղադրանք է առաջադրվել սպայական կոչում ստանալու նպատակով, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ստորաբաժանումներից մեկում իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ հանդիսացող Մոսկվայի պետական ազգային հետազոտական շինարարական համալսարանի «Շինարարություն» մասնագիտությամբ բակալավրի որակավորումը հավաստող դիպլոմ ներկայացնելու համար:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել հունվարի 14-ին և մակագրվել դատավոր Կարեն Հակոբյանին։
Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նշվում է, որ ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից ստացվել է գրություն՝ Արման Գ․-ի՝ ՌԴ ազգային հետազոտական Մոսկվայի պետական շինարարական համալսարանի կողմից 2017 թվականի հունիսի 28-ին տրված դիպլոմի կեղծ լինելու վերաբերյալ։
2008 թվականի նոյեմբերի 16-ի գիշերը Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատի հայկական դիրքերի վրա հարձակման ժամանակ Արման Գ․-ը որպես հայկական դիրքի հենակետի պատասխանատու հրամանատար իր ջոկատով հետ է շպրտել հակառակորդին՝ տալով զգալի կորուստներ:
Արցախի նախագահի կողմից ստացել է «Մարտական ծառայության» մեդալ։
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում երկրապահ կամավորական ջոկատի հետ մասնակցել է Ջաբրաիլի ինքնապաշտպանությանը:
Լինելով հրամանատար՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմում մասնակցել է Օմարի ինքնապաշտպանությանը:
2021 թվականին «Նվիրյալներ» ՌՀԿ ջոկատի տղաների հետ Վերին Շորժայի դիրքերում իրականացրել է պաշտպանական ծառայություն:
2023 թվականին Սիսիանում՝ Իշխանասարում, մասնակցել է 25-օրյա հավաքին:
Դատարանը վճռել է Արման Գ․-ին մեղավոր ճանաչել հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի` 375.000 դրամի չափով:
Արտավարութային փաստաթղթեր ճանաչված ապացույցները և իրեղեն ապացույց ճանաչված դիպլոմը և դիպլոմի հավելվածը պահել քրեական վարույթում՝ դրանք պահելու ամբողջ ընթացքում:
Դատական ակտը հրապարակվել է փետրվարի 4-ին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: