Աշխատում եմ քաղաքական թեմաներով երբեք ոչինչ չգրել` ինքս ինձ խիստ սահմանափակելով զուտ սոցիալական ոլորտի իրադարձությունների շրջանակում: Այս մասին գրառում է կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։
«Մի քանի օր է, ինչ աչքովս ընկել է մի reels, որտեղ, իբր, մի քաղաքական նախկին գործիչ մեկ այլ պաշտոնյային է ծաղրում` անդրադառնալով անձնագրում հայրանվան բացակայությանը:
Ուզում եմ հասկանալ, թե երբ կհաղթահարենք էս տհաս, անբարոյական վարքը, երբ կհասկանանք, որ լինի քաղաքական, լինի գործնական դաշտ, երբեք չի կարելի մարդու անձնական կյանքին վերաբերելի որևէ բան դարձնել հանրային քննարկման առարկա:
Չեմ հավատում, որ ամենացածր կրթական ցենզ ունեցող որևէ մարդ կարող է իրեն թույլ տալ էսպիսի ստորություն։
Իմ մտահորիզոնի մեջ չի տեղավորվում` էդ ինչը պիտի ստիպի բավարար կիրթ մարդուն էսքան ցածրանալ, որ նայելիս նողկանք զգաս ցինիզմի աստիճանից։
Տիկնայք և պարոնայք, իսկ էնքան պատկերացում ունե՞ք, որ մի երկրում, որտեղ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ ներդրված ծրագրերն այդ թվում ներառում են էկո և այլ մեթոդներով կնոջը հնարավորություն տալ երեխա լույս աշխարհ բերել, ենթադրում են համանման իրավիճակներ:
Ու ինչ է հետևու՞մ։ Որ ամեն նման դեպքով նման տհասների պատճառով թիրախավորվելու են բոլոր նման երեխաները և նրանց մայրերը՞:
Լավ, դուք հո հայ ազգի թշնամին չե՞ք, ինչ եք տվել էս ազգին, որ չեք կարողանում հետ վերցնել։
Հ.Գ. նյութը բնական է տարածել չեմ պատրաստվում»,-նշել է նախարարի տեղակալը։