«Ուզում եմ կիսվել ձեզ հետ ուրախ լուրով։ Իմ ընտանիքում նոր մարդ է լույս աշխարհ եկել. ծնվել է թոռնիկս։ Ուզում եմ նրան մաղթել երջանկություն, որ մեծանա առողջ, ուրախ, դառնա լավ մարդ ու մեր երկրի լավ քաղաքացի»,-օրեր առաջ նման գրառում էր կատարել Գագիկ Ծառուկյանը։
Iravaban.net-ը կապ հաստատեց փաստաբան Էմին Խաչատրյանի հետ և տեղեկացավ, որ լույս աշխարհ եկած փոքրիկը Նվեր Ծառուկյանինն է․ «Նվեր Ծառուկյանը դեռ գործուղումից չի վերադարձել, բայց նրա գտնվելու կոնկրետ վայրը չգիտեմ, բազմիցս ասել եմ՝ ՌԴ և Բելառուս»։
Փաստաբանը այլ մանրամասներ չհաղորդեց՝ նշելով, որ հետագայում ընդհանուր և բովանդակային հայտարարությամբ հանդես կգա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել խաղատներից մեկում։
Վիճաբանությունն առաջացել էր խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, հնչել են կրակոցներ։
Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնել էին, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (Հանցակցությունը կողոպուտին, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) իսկ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:
Գլխավոր դատախազությունից էլ հայտնել էին, որ դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակիցներ՝ Նվեր Ծառուկյանի անվտանգության աշխատակիցներ Մ.Ս.-ի, Գ.Դ.-ի և Դ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Դատախազը Նվեր Ծառուկյանի անվտանգության աշխատակիցների նկատմամբ 2025 թվականի հունվարի 13-ին հարուցել է հանրային քրեական հետապնդումներ՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելը), ինչպես նաև 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցանք կատարող անձին աջակցելը):
Նվեր Ծառուկյանի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը, նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում: