«Նկուղում մուկ կա, վախենում եմ»․ «Կկապեմ կառավաթից»․ ամուսինը մեղադրվում է կնոջը հարվածելու համար

Խաչիկ Թ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ կնոջը ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելու համար։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել հունվարի 20-ին, մակագրվել է դատավոր Գևորգ Մանուկյանին։

Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Կինը՝ տուժող Ջեմմա Թ․-ն, պատմել է, որ դեպքը եղել է ցերեկվա ժամերին՝ 2-ի կամ 3-ի կողմերը։ Սկզբից խոսակցություն է եղել՝ խփելով, բայց հանդարտվել է։ Երեկոյան արդեն ամեն ինչ նորմալ էր, ձմռան համար պիտի թթու դներ, գնար նկուղ, այնտեղ մուկ կար, կինը վախեցել է, պետք էր այնտեղից «լագյան» բերվեր, ու այդտեղից սկսվել է արդեն, նա բորբոքվել է, վեճը սկսվել է, ու գնաց ծեծ ու ջարդը։

Ի պատասխան հանրային մեղադրողի հարցերին՝ Ջեմմա Թ․-ը պատասխանել է, որ խոսակցությունները սկզբում հյուրասենյակում են եղել, որ իրեն «սենց կանի, նենց կանի, կկապի կառավաթից, կհանի դուրս»։ Նշել է, որ իրեն ընդհանրապես հաճելի չէր այդքան հայհոյանքներ լսելը, հետո արդեն ինքը փախել է խոհանոց, վեճն այնտեղ է շարունակվել։ Նշել է, որ իրենց տան վեճերը հիմնականում նման մանր բաներից են լինում, ամբողջ կյանքում այդպես է եղել։ Այդ ամենին հաջորդել է ծեծը, իրեն այնքան է խփել, որ իր գլխին ամիսներ էր պետք, որ վերականգնվեր։

Դատարանը վճռել է Խաչիկ Թ․-ի նկատմամբ նշանակել պատիժ՝ հանրային աշխատանքներ՝ 100 ժամ տևողությամբ։

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո այն վերացնել։

Դատական ակտը հրապարակվել է փետրվարի 3-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել