Փետրվարի 12-ին Էդգար Ղազարյան անվանմամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում հրապարակված «Անպատասխանատու և անպարտաճանաչ դատավորը» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանի տրամադրած տեղեկատվության համաձայն` թիվ ԱՎԴ3/0080/02/23 քաղաքացիական գործով վճիռը պետք է հրապարակվեր 10.02.2025 թվականին, սակայն նշված վճիռը հրապարակվել է 12.02.2025 թվականին, քանի որ 03.02.2025 թվականից մինչև 11.02.2025 թվականը ներառյալ դատավորը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ, հետևաբար, տվյալ գործով կայացված դատական ակտը հրապարակվել է օրենսդրությամբ սահմանված ժամկետում՝ 12.02.2025թ., այսինքն՝ դատավորի աշխատանքի ներկայանալու առաջին իսկ օրը: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։
«Ինչ վերաբերում է դատավորի դատվածությանն առնչվող տեղեկատվությանը, ապա դատավորը որևէ արարքի համար նախկինում դատվածություն չի ունեցել, հակառակ պարագայում չէր զբաղեցնի դատավորի բարձր պաշտոնը:
Միաժամանակ պետք է զերծ մնալ դատավորին, դատական իշխանությանը վիրավորող, վարկաբեկող արտահայտություններ անելուց, հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը, դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով, համարվում է քրեորեն պատժելի արարք»,-նշված է հայտարարության մեջ։