Աղջկան ամուսնության նպատակով առևանգելուն նաև կին է մասնակցել

Կարեն Մ․-ին, Գարիկ Գ․-ին և Դավիթ Գ․-ին մեղադրանք է առաջադրվել դեռևս ինքնությունը չպարզված կնոջ հետ Գայանե Վ․ին առևանգելու համար։ Վերջինս Գարիկ Ս․-ի հարսնացուն էր, ով, աղջկա հետ հարաբերությունների վատթարացման արդյունքում նպատակադրվել էր նրան առևանգել:

Նվեր անելու պատրվակով շենքի շքամուտքի մոտ մոտենալով Գայանե Վ․-ին՝ նրա կամքին հակառակ՝ ֆիզիկական ուժ գործադրելու, մազերից և հագուստից քաշելու եղանակով վերջինիս նստեցրել են ավտոմեքենան և տեղափոխել Կոտայքի մարզ՝ Գարիկ Գ․-ի տուն:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 23-ին և մակագրվել Դավիթ Սարգսյանին։

Մեղադրյալների նկատմաբ կիրառվել են վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները։

Նշվում է, որ ճանապարհին Գայանե Վ․-ը մի քանի անգամ փորձել է ավտոմեքենայից իջնելու եղանակով փախուստի դիմել, սակայն Գարիկ Գ․-ը քաշել է վերջինիս և փակել մեքենայի դռները, իսկ Գայանե Վ․-ի հեռախոսահամարին եկող զանգերին պատասխանելը խոչընդոտելու նպատակով ինքնությունը չպարզված կինը նրա կամքին հակառակ հեռախոսը վերցրել է և անջատել։

Որոշ ժամանակ անց Գարիկ Գ․-ը և Գայանե Վ․-ը տեղափոխվել են իրենց այնտեղ սպասող Դավիթ Գ․-ի ավտոմեքենան, իսկ Կարեն Մ․-ը և ինքնությունը չպարզված կինը հեռացել են։ Դավիթ Գ․-ը Գարիկ Գ․-ին և Գայանե Վ․-ին իր ավտոմեքենայով տեղափոխել է Գարիկ Գ․-ի բնակարան։

Նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալները ներկայացրել են արագացված վարույթ կիրառելու միջնորդություններ։

Հանրային մեղադրող Արսեն Ավետիսյանը հայտնել է, որ չի առարկում արագացված վարույթ կիրառելու դեմ:

Դատարանը բավարարել է միջնորդությունները։

Դատարանը վճռել է Կարեն Մ․ին մեղավոր ճանաչել հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 4 տարի ժամկետով:

Գարիկ Գ․-ի և Դավիթ Գ․-ի նկատմամբ ևս նշանակվել է 4 տարի ժամկետով ազատազրկում։

Դատարանի որոշմամբ՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 4 տարի ժամկետով։

Դատական ակտը հրապարակվել է հունվարի 21-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել