Շուրջ 28 միլիոն դրամ՝ բիո զուգարաններ ձեռք բերելու համար․ Տիգրան Ավինյանը կարգադրություն է ստորագրել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 7-ին գումար հատկացնելու մասին կարգադրություն է ստորագրել։ Նշվում է, որ 27․520.000 դրամ է հատկացվել «Երևանտրանս» ՓԲԸ-ին թվով 43 հատ բիո զուգարան ձեռք բերելու համար։

Կարգադրության մեջ մասնավորապես ավում է․

«Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեով, Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի, 09 խմբի, 01 դասի «Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպություններ ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված գումարներից «Երևանտրանս» ՓԲԸ-ին հատկացնել 27520.0 (քսանյոթ միլիոն հինգ հարյուր քսան) հազ. դրամ՝ թվով 43 հատ բիո զուգարաններ ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին կնքել դրամաշնորհի հատկացման պայմանագիր:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:

4. Կարգադրության կատարման հսկողությունը դնել աշխատակազմի քարտուղարի վրա»:

Հիշեցնենք, որ 2024 թվականի վերջին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ էին արել։ Վարորդները բողոքում էին աշխատանքային պայմանների ու աշխատավարձային քաղաքականության դեմ: Նրանք նաև պահանջում էին, որ դիսպետչերային կետերի մոտ զուգարաններ կառուցվեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել