ՀՀ կառավարության N 157 Ն որոշման համաձայն՝ ընդլայնվել է փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը։ Մասնավորապես, կրթության և առողջապահության գծով սահմանվել են նոր ուղղություններ և որոշ փոփոխություններ են կատարվել փոխհատուցման ընթացակարգում։
Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։
Սահմանվել են կրթության գծով փոխհատուցվող նոր ուղղություններ
Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման շրջանակը համալրվել է, և բացի նախկինում սահմանված ուղղություններից, կրթության գծով փոխհատուցումից կարող եք օգտվել նաև այն դեպքերում, եթե կրթական ծախսերը կատարվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների համար։ Այս ուղղություններով կրթական ծախսերը կփոխհատուցվեն նաև 2024 թվականի համար, եթե դրանք կատարվել են անկանխիկ։
Կրթական ծրագրերը պետք է երաշխավորված լինեն լիազոր մարմնի կողմից
Արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի համար կատարված վճարումները կփոխհատուցվեն այն դեպքում, եթե այդ կրթական ծրագրերը երաշխավորված են լիազոր մարմնի կողմից՝ հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ: Սակայն 2024 թվականի մասով կրթական ծրագրի երաշխավորված լինելու հանգամանքը դիտարկվելու է հայտարարագրի ներկայացման պահի դրությամբ, այսինքն` 2024 թվականի ընթացքում մատուցված ծառայությունների մասով սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի կրթական ծրագրերը երաշխավորվեն մինչև հայտարարագրի ներկայացումը:
Կփոխհատուցվեն դասագրքերի վարձակալության վճարները
Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումը կկատարվի նաև միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթության շրջանակում դասագրքերի վարձակալության գծով կատարված ծախսերի մասով՝ յուրաքանչյուր աշակերտի համար ոչ ավելի քան տարեկան 3000 դրամի չափով: Այս մասով փոխհատուցում կկատարվի նաև 2024 թվականին դասագրքերի վարձակալության գծով կատարված ծախսերի համար։ Ընդ որում, այս դեպքում չի պահանջվի դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ, այլ հիմք կընդունվի լիազոր մարմնի կողմից հարկային մարմնին տրամադրված՝ աշակերտների և նրանց ծնողների վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ):
Կփոխհատուցվեն ատամնաբուժական ծառայությունների վճարումները
Ընդլայնվել է առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման շրջանակը․ Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումից բացի, կփոխհատուցվեն նաև 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների ընթացքում Հայաստանում ատամնաբուժական ծառայությունների համար կատարված վճարումները։ 2024 թվականի ընթացքում կատարված ատամնաբուժական ծախսերը կփոխհատուցվեն, եթե վճարումները կատարվել են անկանխիկ։ Ի դեպ, եթե սոցիալական փաթեթի շահառուներն առողջության ապահովագրական փաթեթի դեպքում սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող էին օգտվել միայն ընտանիքի անդամների համար, ապա ատամնաբուժական ծառայությունների դեպքում կարող են օգտվել նաև իրենց համար կատարված ծախսերի մասով:
Փոխհատուցումից օգտվելու համար պարտադիր է վճարել անկանխիկ
Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց՝ 15.02.2025 թվականից հետո, առողջապահության և կրթության գծով բոլոր ուղղություններով կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով սահմանվել է պարտադիր պայման․ այսուհետ սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն, եթե դրանք կատարված լինեն բացառապես անկանխիկ եղանակով։ Բացառություն են կազմում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը, որոնց մասով վճարումը կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։
Լիազոր մարմինները համապատասխան տեղեկատվությունը կփոխանցեն հարկային մարմին
Փոփոխությամբ նաև սահմանվել է, որ կրթության պետական կառավարման լիազոր մարմինը երաշխավորված արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնողների վերաբերյալ, ինչպես նաև դասագրքերի վարձակալության դեպքում աշակերտների և նրանց ծնողների մասին անձնավորված տեղեկատվությունը յուրաքանչյուր հաշվետու տարվա մասով հարկային մարմին պետք է ներկայացնի մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ, իսկ 2024 թվականի հաշվետու տարվա մասով՝ մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ։ Իսկ առողջապահության պետական կառավարման լիազոր մարմինն ատամնաբուժական ծառայություններ մատուցող հարկ վճարողների վերաբերյալ
տեղեկատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին պետք է ներկայացնի մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա մասով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ: Տեղեկատվությունը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն կներառվի հարկային մարմնի տեղեկատվական համակարգում։
Սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը չի փոփոխվել
Հիշեցնենք, որ առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը՝ տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Այսինքն, Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով կատարված սոցիալական ծախսերի հանրագումարը չպետք է գերազանցի տարեկան 100.000 դրամը։ Հետևաբար, Կառավարության որոշմամբ ավելացված նոր ուղղությունները ևս ներառվում են տարեկան առավելագույն չափի մեջ։