ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարանը և Երևանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարանը վերակազմակերպել՝ ստեղծելով «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հիմնավորման մեջ նշված է, որ երկու ուսումնական հաստատություններում առկա է 5 մասնագիտությունների իրականացման համընկնում և ունեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ շատ տարածք, որը չի օգտագործվում և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պահպանման նպատակով: «Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված ուսումնական մասնաշենքում ներկա պահին իրականացվում է հիմնանորոգման աշխատանքներ, որի ավարտը նախատեսված է 2025 թվականին:
Ասված է նաև, որ օպտիմալացման (խոշորացման) արդյունքում «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, կպահպանվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդրվեն արդի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ:
Ակնկալվում է, որ հանրության բարձրորակ կրթության ապահովման համար կստեղծվեն պայմաններ, կրթական ուսումնական հաստատությունները կհամալրվեն մանկավարժական ներուժով և արդյունավետ կօգտագործվեն պետական բյուջեի միջոցները:
Մեկ այլ նախագծով առաջարկվում է Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը և Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն: