Փետրվարի լույս 11-ի գիշերը Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Մսի կոմբինատ թաղամաս շտապ ոստիկան մոտենա։ Մեկնած օպերատիվ խմբի ոստիկանները նկատել են վիճաբանող քաղաքացիների, որոնցից երկուսի մոտ՝ մահակ, իսկ մեկի մոտ՝ խոհանոցային դանակ կա։ Ոստիկանները կանխել են վիճաբանությունը, իսկ ժամանած շտապօգնության խումբը «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել 46-ամյա մի տղամարդու։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին են տեղափոխվել 34-ամյա երկու երիտասարդ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը կեսգիշերն անց վիճաբանել է 59-ամյա հարևանի հետ, հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ 59-ամյա տղամարդու 29-ամյա որդին նկատելով, որ հարևանը, դանակը ձեռքին, ծեծի է ենթարկում հորը, իր մոտ եղած ծալովի դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել նրան։
Բացատրական աշխատանքի արդյունքում 29-ամյա երիտասարդը ներկայացել է Կումայրիի բաժին: Վիճաբանության մասնակիցները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: