«Որտե՞ղ են հիմա ռուս խաղաղապահները, և որտե՞ղ է հայ ժողովուրդը, որ բնակվում էր Ղարաբաղում»․ Ալեն Սիմոնյանն արձագանքել է ՌԴ-ի՝ միջնորդ լինելու վերաբերյալ հայտարարություններին

Մոսկվան պարբերաբար ակտիվ առաջ է մղում իր միջնորդական ջանքերը, ասում են, որ պատրաստակամ են խաղաղության բանակցություններում աջակցել ՀՀ-ին և Բաքվին, հնարավո՞ր է Հայաստանը, հաշվի առնելով այս հանգամանքը, դիտարկի Մոսկվայի միջնորդական ջանքերը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ճեպազրույցի ընթացքում նման հարց ուղղեց լրագրողներից մեկը։

Ալեն Սիմոնյանը քիչ հավանական համարեց, բայց նշեց, որ քննարկում են հնչեցված յուրաքանչյուր առաջարկ․ «Բայց անցած փորձը շատ վատ հուշեր է թողել, և, վերջիվերջո, մենք ունենք շատ չլուծված հարցեր։ Օրինակ՝ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում (իրենք շատ են սիրում ասել, որ այն գոյություն ունի), թե՛ Հայաստան-Ռուսաստանի միջպետական պայմանագրի շրջանակներում»։

ԱԺ նախագահի խոսքով՝ ՌԴ-ն առնվազն պետք է գործողություն իրականացներ, բայց անգամ քաղաքական գնահատական չի տրվել․ «Պատասխան հնչեց՝ դե, ձեր սահմանը դելիմիտացված չէ, պարզ չէ՝ որտեղ է ՀԱՊԿ-ը, և մենք ում հետ ենք պայմանագիր կնքել։ Հիմա գալ, ասել՝ մենք պատրաստ ենք միջնորդ հանդիսանալ, ընդունո՞ւմ եք չէ, որ հայկական կողմը կարող է դրան թերահավատորեն մոտենալ»։

Ռուս խաղաղապահները այնտեղ էին, պետք է պաշտպանեին հայ ժողովրդին․ «Որտե՞ղ են հիմա ռուս խաղաղապահները, և որտե՞ղ է հայ ժողովուրդը, որ բնակվում էր Ղարաբաղում»։

«Ամեն 100 տարին մեկ գալ ՀՀ ժողովրդին պաշտպանելու լոզունգով, և հետագայում իրենց մեծ շահերի համար Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդին, մեր երեխեքին մանրադրամ սարքել, հետո նորից բարի դեմքի արտահայտությամբ գալ, ասել՝ մենք եկել ենք ձեզ փրկելո՞ւ։

Կներեք, բայց ինձ համար դա անընդունելի է, այդ շռայլությունը մեզ թույլ տալ չենք կարող։ Կոնկրետ առաջարկներ կներկայացնեն, բոլոր երկրներն էլ, ովքեր քիչ թե շատ ներգրավված են, առաջարկներ անում են»,-հավելել է Սիմոնյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել