Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ փետրվարի 11-ին, շարունակվում է «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հանրային մեղադրող, դատախազ Հայկ Հովհաննիսյանը ներկայացրեց Արմեն Գևորգյանի նոր մեղադրանքը։ Վերջինիս մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացումը) համար։
Դատախազը ներկայացրեց նոր մեղադրանքը՝ նշելով հետևյալը․ «2006 թվականի փետրվարից մինչ 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվատնգության խորհրդի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, օժանդակել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից լիազորությունների անցմանը»։
Նոր մեղադրանքի համաձայն՝ Գևորգյանը մեկ այլ դրվագով օժանդակել է նշված ՍՊԸ-ի տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն․ «Այդ ընկերությանը տրամադրված հատուկ լիցենզիաներով 100 % բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008 թվականի ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 309 միլիոն ՀՀ դրամին համարժեք 1 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք»։
Մանրամասները՝ տեսանյութում։