Փետրվարի 9-ին, ժամը 23.20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում մեքենա է պայթել, իսկ մեքենայում մարդ կա, հայտնում են ոստիկանությունից։
Ժամը 23.32-ին հաղորդում է ստացվել «Սևան» բժշկական կենտրոնից. շտապօգնության խումբը բեկորային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Սևան քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդի։
Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը «ՎԱԶ-21124» մեքենայի մեջ անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող 45-ամյա կնոջ հետ և սպառնացել, որ մոտը գտնվող նռնակով կպայթեցնի նրան: Իսկ երբ փորձել է թույլ չտալ, որ կինն իջնի մեքենայից, նռնակն ընկել է ձեռքից: Այդ ընթացքում կնոջը հաջողվել է դուրս նետվել մեքենայից, իսկ նռնակը պայթել է, ինչի հետևանքով 28-ամյա երիտասարդը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: