Երևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն

Երևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են, հաղորդում են քաղաքապետարանից։

Նշված է, որ «Երևանի ավտոբուս» ընկերության վարորդները ստանում են գիշերային հավելավճարներ՝ ժ. 22:00-ից հետո կատարած աշխատանքի համար: Վերջիններն, ի դեպ, ապահովված են նաև տարեկան մինչև 5 մլն դրամ առողջապահական ապահովագրությամբ:  «Հայգեր» մակնիշի ավտոբուսների վարորդների ժամային աշխատավարձն էլ հունվարի 1-ից 1050-ից դարձել է 1800 դրամ։

Հայտնում են, որ ամբողջությամբ ավարտվել է «Արաբկիր» առողջության կենտրոնի հիմնանորոգումը: Քաղաքացիների բուժսպասարկումն արդեն իրականացվում է արդիականացված պայմաններում: Կենտրոնն ապահովված է նաև  նոր գույքով ու ժամանակակից բուժսարքավորումներով:

«Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածում նոր պուրակը հանձնվել է բնակչությանը: Հանգստի գոտին ապահովված է ջրավազաններով, շատրվանային համալիրով ու լուսավորության ԼԵԴ  համակարգով, տեղադրվել են նստարաններ: 

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Սա առաջին հերթին արվում է երեխաների անվտանգության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրականացնում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով:

Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր: Այս համապարփակ նախագիծն կընդգրկի թիրախային գործողություններ, թվային հստակ ցուցանիշներ ու բոլոր այն հնարավոր միջոցառումները, որոնք կնվազեցնեն օդի աղտոտվածությունը՝ հաշվի առնելով նաև մարդկային գործոնն ու որոշակի սահմանափակումների կիրառումը»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել