Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին

Արդարադատության նախարարությունը շարունակում է բազմաշահառու վերապատրաստումներ իրականացնել վարչական դատավարության նոր մշակված էլեկտրոնային համակարգի վերաբերյալ:

Այս անգամ վերապատրաստմանը մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Վարչական դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի գրեթե բոլոր դատավորները: Համակարգը մշակող կազմակերպությունը դատավորներին է ներկայացրել համակարգն աշխատացնելու քայլերը, որը քաղաքացիներին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև՝ արագ և առանց ձգձգումների կատարել բոլոր դատավարական գործողությունները:

Վերապատրաստման ընթացքում վարչական մասնագիտացմամբ դատավորների հետ քննարկվել են նաև վարչական դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված օրենսդրական հնարավոր փոփոխությունները:

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն այս մասով նշել է, որ դատաիրավական ոլորոտում իրականացվող շարունակական բարեփոխումներն ու Հայաստանում դատաիրավական համակարգի բարելավումը ՀՀ արդարադատության նախարարության գործունեության առանցքային ուղղություններից է: Նա հավաստիացրել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում և ակտիվ միջոցառումներ են իրականացվում վարչական արդարադատության արդյունավետության բարձրացման և վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման ուղղություններով: Նախարարի տեղակալի խոսքով՝ Արդարադատության նախարարությունը պարբերաբար գույքագրում է պրակտիկայում առաջացած խնդիրները՝ ձեռնարկվելիք փոփոխությունների արդյունավետ իրականացման նպատակով:

Էլեկտրոնայի համակարգի ներդրման համակարգող Լիանա Թովմասյանը, պատասխանելով վերապատրաստման մասնակիցների հարցերին, հայտնել է, որ նախարարությունը ներկայում գտնվում է էլեկտրոնային համակարգի պիլոտային գործարկման փուլում, որն ուղեկցվում է շահառու խմբերի վերապատրաստումներով և հաջորդ քայլով նախատեսվում է իրականացնել համակարգի պաշտոնական գործարկումը:

Քննարկմանը ներկայացվել է համակարգի դերակատարների ամբողջ գործիքակազմը, միաժամանակ հավաքագրվել են վերապատրաստմանը մասնակից դատավորների իրավական և գործնական առաջարկները՝ համակարգի վերջնական կարգաբերումների շրջանակում օգտագործողին առավել հարմարեցված լուծումներ նախատեսելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել