ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության

Հաշվի առնելով եղանակային գործոնները՝ հատկապես ձյան տեղումները, մառախուղը և մերկասառույցը, որոնք ավտոճանապարհները հաճախ դարձնում են դժվարանցանելի, վտանգավոր և պատճառ հանդիսանում տրանսպորտային միջոցների արգելափակման, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Ավտոմեքենաների արգելափակումները, հատկապես միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներին, ամենատարածված խնդիրներից են, որոնք հաճախ խոչընդոտում են բնականոն երթևեկությանը և առաջացնում լրացուցիչ խնդիրներ:

Բնակչության անվտանգություն ապահովելու և տեղումներով պայմանավորված արտակարգ դեպքերին արագ արձագանքելու նպատակով հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից պարբերաբար իրականացվում են շրջայցեր, սահմանվում է հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում ծավալվում հենակետեր։

Փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են քաղաքացիների կողմից ստացված բազմաթիվ ահազանգերին. փետրվարի 6-ին հանրապետության ավտոճանապարհների խնդրահարույց հատվածներում արձանագրվել է արգելափակման կամ խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցների 8 դեպք։ Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 78 տրանսպորտային միջոց,  204 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Փրկարար ծառայությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել