Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ։ Iravaban.net-ի փոխանցմամբ նախագծի համաձայն սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվում է կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը, ինչպես նաև հստակեցվում է ռազմական ոստիկանության լիազորությունների շրջանակը:
2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածը կշարադրվի հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 462. Վարժական հավաքից խուսափելը
- Հայտարարված վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը, որը դրսևորվել է վարժական հավաքին ներգրավվելու նպատակով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն չանցնելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց որևէ այլ եղանակով խուսափման ձևով՝ վարժական հավաքին կանչվելու ենթակա չլինելու՝ օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, կամ
2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։
Ռազմական ոստիկանությունն իրավունք ունի զինվորական կոմիսարիատ կամ առողջական վիճակի հետազոտում կամ բժշկական փորձաքննություն իրականացնող մարմին չներկայացած զորակոչիկներին հայտնաբերելու, պարտավորեցնելու և համապատասխան զինվորական կոմիսարիատ ներկայացնելու, պարտադիր զինվորական կամ զորահավաքային զորակոչից կամ պահեստազորային պատրաստության միջոցառումներից խուսափող անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու և օրենքով սահմանված կարգով համապատասխան գործողություններ կատարելու։
Ըստ նախագծի հիմնավորման՝ պրակտիկայում արդեն իսկ առկա են դեպքեր, երբ քաղաքացիները վարժական հավաքներից խուսափել են իրենց մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով, ինչը մինչև 2022թ. հուլիսի 1-ը գործող ՀՕ-528-Ն ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասով հանգեցնում էր ավելի խիստ պատասխանատվության, որը սակայն առկա չէ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում: Այդ նպատակով, համապատասխան վարքագիծը կանխելու նպատակով, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել խստացնել նման միջոցներով վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը:
Բացի այդ, վարժական հավաքների կանչվող քաղաքացիների կողմից տարբեր ձևաչափերով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն չանցնելու կամ որևէ այլ եղանակով վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու դեպքերի օրենսդրորեն չամրագրված լինելու պատճառով շատ դեպքերում հնարավոր չի լինում ամբողջական որակում տալ քաղաքացու կողմից վարժական հավաքին չներգրավվելու հանգամանքին, որը հանգեցնում է քրեական վարույթների չհարուցմանը և, նմանատիպ առիթներով պայմանավորված, ներառյալ՝ քաղաքացիների և նրանց օրինական ներկայացուցիչների կողմից ձևական պատճառաբանությունների օգտագործմամբ, վարժական հավաքներին որոշակի թվով քաղաքացիների չներգրավման: Այդ կապակցությամբ, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը:
Մանրամասները՝ այստեղ։