Քրեական իրավունքը, քրեական օրենսգիրքը չի կարող առնչվել պարոն Բաբայանի գնահատողական դատողությունների (քննադատության) հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Նման իրավիճակում կալանավորման միջնորդությունը պարզապես իրավական աբսուրդ է: Ակնհայտ է, որ չկա կալանքի պայմանը, ուստի այն միայն պետք է մերժվի:
Խոսքի ազատության ժողովրդական չափանիշը հետևյալն է. իրավաչափ է ոչ միայն անվտանգ և չեզոք արտահայտությունները, այլ նաև այնպիսի գնահատականները որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստություն պատճառում: Սրա մասին արձանագրվել է Եվրոպական դատարանի կողմից դեռևս 30 տարի առաջ»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածվել, որում ասվում էր, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ․-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ․-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։
Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ Ղարիբ Բաբայանը ձերբակալվել է։ Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նա ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն հրահրելու հակաիրավական, հակաբարոյական ու ապազգային մեղադրանքով ձերբակալված անձը՝ Ղարիբ Բաբայանը, արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական ու կրթության կազմակերպիչ։