Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ։ Նշվում է, որ «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օրենքով սահմանված իրավունքների ընդյալնմամբ, մասնավորապես` հանցագործությունները և վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, ինչպես նաև հասարակական կարգը պահպանելիս իրավասու է լինելու իրականացնել սթափության վիճակի ստուգում՝ ոստիկանության ստորաբաժանումներում առկա սարքավորումների միջոցով։
Ըստ նախագծի հիմնավորման՝ գործող իրավակարգավորումները ոստիկանությանը լիազորել են տեխնիկական սարքավորմամբ իրականացնելու միայն վարորդների և նավավարի սթափության վիճակի ստուգում։ Այլ դեպքերում ոստիկանությունը նշված ստուգումներն իրականացնում է անձին համապատասխան բժշկական հաստատություններ տեղափոխելու միջոցով։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով /այսուհետ՝ Օրենսգիրք/ սահմանվել են մի շարք դրույթներ, որոնցով վարչական ներգործության միջոցներ կիրառելն անմիջականորեն պայմանավորված է անձի սթափության վիճակի հետ։ Մասնավորապես Օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն վարչական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է նաև վարչական իրավախախտումը հարբած վիճակում կատարելը։ Բացի այդ, Օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն վարչական ձերբակալման ժամկետը հաշվվում է արձանագրություն կազմելու համար խախտողին բերելու պահից, իսկ հարբած վիճակում գտնվող անձին` նրա սթափվելու ժամանակից: Օրենսգրքում նախատեսվել են նաև որոշ իրավախախտման տեսակներ (հոդված 175-րդ և 177-րդ), որոնցով վրա հասնող պատասխանատվության համար նույնպես անհրաժեշտ է իրականանցել սթափության վիճակի ստուգումներ։
Նախագծի ընդունմամբ հանցագործությունները և վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, ինչպես նաև հասարակական կարգը պահպանելիս ոստիկանությանը վերապահվելու է տեխնիկական սարքերի միջոցով սթափության վիճակի ստուգում իրականացնելու իրավունք։ Նշված գործընթացի իրականացմամբ ոստիկանությունը հնարավորություն կունենա տեղում որոշելու ենթադրյալ իրավախախտի սթափության վիճակը՝ այդ նպատակով անձին այլևս բժշկական հաստատություն չտեղափոխելով։ Նախագծի ընդունմամբ կբացառվի նաև սթափության վիճակով պայմանավորված վարչական ձերբակալման ժամկետների հնարավոր խախտումները և կապահովվի վարչարարության իրականացնումն առավել կարճ ժամանակահատվածում: