2024 թվականի փետրվարի 5-ին այս հարթակում առաջին անգամ գրառում արեցի առ այն, որ շրջանառվել է միասնական տոմսային համակարգին վերաբերող ավագանու որոշման նախագիծ։ Դրանից հետո նախագիծն ընդունվել և մի քանի անգամ լրամշակվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով երթուղայիններից մեկում Հայկ Մարությանի մասնակցությամբ միջադեպին, որի ժամանակ վերջինս դիմել է քաղաքացուն՝ ասելով․ «Նարկոծիկի տա՞կ եք»։
«Ավագանու բուռն նիստեր, դրանց նախորդող հանձնաժողովի բուռն նիստեր, ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, և դրանց ժամանակ անհաշվելի ստեր, մանիպուլյացիաներ, անհիմն մեղադրանքներ թալանի և կոռուպցիայի մեջ, անհիմն քննադատություն։ Շուրջ մի տարի շարունակվում է այս ամենը, բայց վստահ կարող եմ ասել, որ այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ ինձ թույլ չեմ տվել որևէ ընդդիմադիր գործչի, լրագրողի կամ այլ անձի վիրավորել՝ ոչ միայն իմ տեսակետը չկիսելու, այլ անգամ բացահայտ սուտ կամ մանիպուլյացիա, անգամ իմ հասցեին վիրավորանքներ հնչեցնելու դեպքում։ Ով կցանկանա ստուգել, խնդրեմ, ամբողջը տեսագրված է։
Եվ ի՞նչ եմ տեսնում այսօր։ Մարդ, որը քաղաքապետի պաշտոն է զբաղեցրել, որն անընդհատ հավաստիացնում է, որ իր սիրտը քաղաքացիների համար է ցավում, և պայքարը նրանց շահերից է բխում, որ ինքը ժողովրդավարության ջատագով է, հակառակ կարծիք հայտնող քաղաքացուն ասում է ի՞նչ՝ «էս նառկոծիկի տա՞կ եք»։
Նախապես գրված տեքստերը, պատրաստած ելույթները կարդալն այդքան բարդ չէ։ Բայց երբ հայտնվում ես իրավիճակում, որի սցենարը նախապես քեզ հայտնի չէ, էությունդ շատ ավելի արագ է երևում»,-գրել է Սուրեն Գրիգորյանը։