«Մենք այստեղ կարտոֆիլ չենք վաճառում»․ Հայկ Մարության

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի տրանսպորտի թանկացման մասին հայտարարությանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետը չի տիրապետում տվյալ ոլորտին և դա գուցե նորմալ է, քանի որ ինքը Կառավարության ղեկավարն է։

«Չի տիրապետում և կարող է այդպիսի բաներ ասել։ Ուզում եմ Նիկոլ Փաշինյանին ասել, որ իր ուշադրությունը դարձնի այն փաստին, որ 2026 թվականին արդեն մոտ 20 միլիարդ դրամ գույքահարկի մասով ավել է հավաքվում։ Ավինյանը, բանավեճի ժամանակ պարզ պատասխանեց իմ հարցին։ Ասացի՝ պարոն Ավինյան, ինչքա՞ն եք պատրաստվում ավել գումար հավաքել այս թանկացումներով։ Նա, նախ չգիտեր պատասխանը, երկար մտածեց, բայց ասաց՝ 5 միլիարդ դրամ։ Փաստացի 20 միլիարդ դրամ «քերում են» մարդկանցից գույքահարկի տեսքով, որի 5 միլիարդ դրամը կարող են այնտեղ սուբսիդավորել»,-նշեց նա։

Մարությանի խոսքով՝ ժողովրդական մեծ ճնշման ներքո են քաղաքային իշխանությունները հետ քայլ արել և սակագին սահմանել 150 դրամ։

«Ցավում եմ, որ իրենք չհասկացան, որ սա ասիական շուկա չի, մենք այստեղ կարտոֆիլ չենք վաճառում՝ գինը ինչքան ա, 150 դրամ, դե լավ մի քիչ իջի։ Չեն հասկանում։ Մարդիկ 100 դրամ պահանջում են այն պատճառով, որ սա հազիվ այն գումարն է, որ մարդիկ պատրաստ են տալ»,-նշեց նա։

Նախկին քաղաքապետն ասաց, որ կարող են օրը ամփոփել և արձանագրել, որ մարդիկ հանգիստ կարող են վճարել 100 դրամ և երթևեկել, ոչ ոք ոչինչ չի կարող անել կամ իրենց իջեցնել․ «Մարդիկ, ովքեր ուզում են 100 դրամով երթևեկել, դա այսօր հնարավոր է»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել