ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

ՀՀ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում անձնակազմին է ներկայացվել Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալ Արմեն Գևորգյանը, հայտնում են ՔԿ-ից։

Ներկայացնելով Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալին՝ Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ Արմեն Գևորգյանի նշանակումը երկրի ղեկավարության վարած կադրային քաղաքականության վկայությունն է, որը հիմնված է մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշների, պրոֆեսիոնալիզմի վրա: 

Արթուր Պողոսյանը կարևորել է այն հանգամանքը, որ Արմեն Գևորգյանն իրավապահ համակարգում նոր մարդ չէ, իր աշխատանքային գործունեությունը սկսել է քննիչի աշխատանքից՝ քննչական համակարգում զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

«Արմեն Գևորգյանի հետ ծանոթացել եմ դատախազական համակարգում աշխատելու տարիներին, երբ վերջինս հանդիսացել է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար և պատշաճ ձևով իրականացրել է նախանշված խնդիրները: Համոզված եմ, որ նույն ջանասիրությամբ Արմեն Գևորգյանն իրականացնելու է իմ կողմից արդեն իսկ նախանշված խնդիրները»,- նշել է Քննչական կոմիտեի նախագահը: 

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար և հավաստիացրել է, որ ամբողջ մասնագիտական ներուժը ծառայեցնելու է իրեն վստահված ոլորտի աշխատանքները պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար՝ նպատակ ունենալով նպաստել ՀՀ-ում իրավակարգի և օրինականության ամրապնդմանը, Քննչական կոմիտեի հանդեպ հանրային վստահության բարձրացմանը: 

Քննչական կոմիտեի նախագահն անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ նշել է, որ այս առումով հաշվի են առնվելու տվյալ պաշտոնատար անձի մասնագիտական գիտելիքները, փորձը, նվիրվածությունը, ջանասիրությունը և երկրին ծառայելու կամքը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել