«Մեր քաղաքական ընդդիմախոսները զբաղվում են քաղաքական թմրավաճառությամբ». Տիգրան Ավինյան

«Այդ ահռելի ծավալի աշխատանքն ունի մեկ նպատակ, որ Երևան քաղաքն ունենա ստաբիլ, որակյալ տրանսպորտային համակարգ։ Ունենա տրանսպորտային համակարգ, որը մի քանի տարի հետո չի մաշվելու և չի վերանա, ինչպես եղել է Երևանի մեր բոլոր տրանսպորտային համակարգերի հետ, ինչպես եղել է 1990-ականներից մինչև վերջին մի քանի տարին, երբ նույնիսկ առաջին գնված «Գազելները» մոտավորապես այդ ճանապարհին էին, եթե մենք խիստ միջոցառումներ չձեռնարկեինք։ Այդ նոր գնված «Գազելների» 40 տոկոսը կանգնած էր ինչ-որ պահի»,- Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է տրանսպորտային համակարգի բարեփոխումներին, նշելով, որ ահռելի ծավալի աշխատանք է իրականացվել։

Ըստ նրա, այս ընթացքում եղել են բարդություններ, սկսած նրանից, որ կանխիկ շրջանառությունը վերացնելու ժամանակ խնդիրների առաջ են կանգնել. «Էդ կանխիկ շրջանառությունը համակարգի համար թմրամիջոցի նման մի բան էր»,- ասել է նա՝ հավելելով, որ վարորդները դրանում մեղավոր չեն. «Հիմա առաջարկում ենք լավ աշխատավարձ, առողջապահական ապահովագրություն, արտաժամյա աշխատանքի դեպքում գումար պետք է վճարել, պարապուրդի համար պետք է վճարել, այսինքն՝ ստեղծվում են մարդկային պայմաններ, որ վարորդն անի իր գործը, վարի ավտոբուսը, չմտնի որևէ կանխիկ գործարքների մեջ»։

Քաղաքապետը նշեց, որ ընդդիմախոսները օգտվելով այն հանգամանքից, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը որոշակի դժվարություններ ունի, մանիպուլացնում են. «Մեր քաղաքական ընդդիմախոսները զբաղվում են քաղաքական թմրավաճառությամբ»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով,- «Ես բացառում եմ, որ նրանք չեն գիտակցում, թե ինչ է անում։ Ես բացառում եմ։ Նրանք շատ լավ հասկանում են, թե ինչ են առաջարկում մարդկանց։ Նրանք առաջարկում են կոպեկը վերադարձնել շրջանառության մեջ, համակարգը «նստեցնել կոպեկի վրա»՝ իր բոլոր դեգրադացիոն քայլերով»։

Քաղաքապետը շեշտել է, որ այդ «կոպեկը» չի դառնում տրոլեյբուս, չի դառնում համակարգի սպասարկվող գումար. «Իսկ այդ սպասարկման գումարները տարեցտարի ավելանում են»։

Ըստ Տիգրան Ավինյանի՝ նոր ավտոբուսների սպասարկումը տարբերվում է հնից. «Եվ բոլոր այն մարդիկ, որոնք ասում են, թե նույն գումարով այս համակարգը հնարավոր է պահել, սուտ են խոսում։ Գիտակցաբար սուտ են խոսում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել