Բոլորը Կառավարությունից պահանջում են թափանցիկություն․ ասա՝ ուր գնացիր, ինչ կերար, ում հետ նստեցիր։ Մենք համաձայն ենք դրա հետ, չենք ասում՝ չէ, չենք ասի։ Այս մասին հայտնել է վարչապետը՝ կից տեսանյութ հրապարակելով։
«Ընդհակառակը՝ հիմա ասում ենք ոչ միայն մենք, այլև մեր բարեկամները, հարազատները պետք է լինեն թափանցիկ։ Իսկ եկեղեցին ինչի՞ չպետք է լինի թափանցիկ։ Մենք ունենք պետությունում օրենսդրություն․ երբ որ մի բան վաճառում ես, պետք է տաս ՀԴՄ կտրոն, որը օրենք է։
Իսկ եթե վաճառում ես մոմ, ինչի՞ պետք է չտաս ՀԴՄ կտրոն։ Ասում է՝ ես եկեղեցին ուզում եք հարկե՞ք, մենք ուզում ենք ՀՀ-ում հարկային օրենսդրությունը գործի, բայց ինչքան հարկ ձևավորվի եկեղեցու գործունեության արդյունքում՝ մենք ամբողջը կվերադարձնենք եկեղեցուն։
Եթե պարզվի, որ լրացուցիչ ֆինանսավորում էլ է պետք եկեղեցու բնականոն գործունեությունը ՀՀ տարածքում ապահովելու համար, կմտածենք լրացուցիչ ֆինանսավորում ունենալու համար էլ»,-նշել է Փաշինյանը։