Էրազմուս+ ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է․ ԿԳՄՍՆ

Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Հաշվի առնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների օրակարգը և ոլորտում իրականացվող ներդրումների արդյունավետության առաջնահերթությունը, ինչպես նաև ԵՄ հետ գործակցության նոր մակարդակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Էրազմուս+ ազգային գրասենյակի ընթացիկ պայմանագրի ավարտից հետո չի գնացել դրա նորացմանը և նախաձեռնել է Էրազմուս+ ազգային գրասենյակի ձևավորման բաց, թափանցիկ և մրցակցային գործընթաց։ Էրազմուս+ նոր գրասենյակի աշխատանքներն ապահովող կառույցի համաձայնեցման գործընթացն այժմ ընթացքում է, և նոր գրասենյակը կսկսի իր գործունեությունն ընտրության գործընթացի ամփոփումից հետո, որն առաջիկայում կհայտարարվի:

Միաժամանակ, ծրագրի վերաբերյալ տեղեկատվական աջակցություն և խորհրդատվություն կտրամադրի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության միջազգային համագործակցության բաժինը (հեռ.՝ 210140+115, էլ․փոստ՝ [email protected]):

Ստորև ներկայացվում են ընթացիկ մրցույթների վերջնաժամկետները.
– Միջազգային կրեդիտային շարժունություն բարձրագույն կրթության ոլորտում – 2025 թվականի փետրվարի 19՝ ժամը 12:00 (Բրյուսելի ժամանակով),

– Վիրտուալ փոխանակման ծրագիր – 2025 թվականի ապրիլի 29՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),

– Erasmus Mundus գործողություններ – 2025 թվականի փետրվարի 13՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),

– Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում – 2025 թվականի փետրվարի 6՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),

– Կարողությունների զարգացում ՄԿՈՒ ոլորտում – 2025 թվականի փետրվարի 27՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),

– Կարողությունների զարգացում սպորտի ոլորտում – 2025 թվականի մարտի 5՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),

– Jean Monnet գործողություններ – 2025 թվականի փետրվարի 12՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով):

Նշված մրցույթներին ՀՀ մասնակցության պայմաններին և մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով`
Հայտերը ներկայացվում են Եվրոպական հանձնաժողովի https://ec.europa.eu/…/opportunities/portal/screen/home հարթակում:
Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի համար` հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետներն անհրաժեշտ է ճշտել ծրագիրն իրականացնող ՀՀ համապատասխան բուհի միջազգային համագործակցության բաժնից:
Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերի համար` հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետներին կարելի է ծանոթանալ ընտրված ծրագրի կայքէջում` https://shorturl.at/gRxFT հղմամբ:
Առաջիկայում ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն տեղեկատվական հանդիպումներ կկազմակերպի ինչպես շահագրգռված դիմող կազմակերպությունների համար, այնպես էլ Էրազմուս+ ծրագրերի ընթացիկ շահառուների հետ»,-նշված է նախարարության պարզաբանման մեջ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել