Նվեր Ծառուկյանի անվտանգության 3 աշխատակիցների գործով նյութերը դատարան են հանձնվել

Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակիցներ՝ Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցներ Մ.Ս.-ի, Գ.Դ.-ի և Դ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Iravaban.net-ի հաղորդմամբ՝ խոսքը Գագիկ Ծառուկյանի ավագ որդու՝ Նվեր Ծառուկյանի մասին է (Ն.Ծ.)։

Դատախազը Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցների նկատմամբ 2025 թվականի հունվարի 13-ին հարուցել է հանրային քրեական հետապնդումներ՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելը), ինչպես նաև 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցանք կատարող անձին աջակցելը):

Ն.Ծ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը, նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել խաղատներից մեկում։

Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունն առաջացել էր խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ։

Քննչական կոմիտեից էլ  Iravaban.net-ին հայտնել են՝ խաղատանը տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում։

Փաստաբան Էմին Խաչատրյանը, ում դիտարկմամբ Ծառուկյանի որդուն առաջադրված մեղադրանքը անհիմն է, հայտնել էր՝ իր կարծիքով մեղադրանքն իրավական ոչ ճիշտ գնահատականի արդյունք է, իսկ Նվեր Ծառուկյանը գործուղվել է Բելառուս և Ռուսաստանի Դաշնություն։

Նախաքննական մարմինը մանրամասնել է՝ ինչում են մեղադրում մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի որդուն։

Տեղեկացել էինք նաև, որ Նվեր Ծառուկյանը գործուղվել է Բելառուս։

Թեմայի վերաբերյալ ավելի համապարփակ տեղեկատվություն ստանալու նպատակով  Iravaban.net -ը հարցում էր ուղարկել Քննչական կոմիտե։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել