«Մամուլում հանդիպել եմ նման հրապարակումների և կարող եմ ասել, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք չի եղել»,-այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև ծեծկռտուքի վերաբերյալ տեղեկություններին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Ծեծկռտուք չի կարող լինել՝ հատկապես վարչապետի ներկայությամբ: Չի եղել որևէ վեճ, անգամ խոսակցություն: Մենք կուսակցությունում ունենք ֆորմատ, կոչվում է ինքնաքննադատություն, երբ մենք քննադատում ենք ինքներս մեզ ու մեր իշխանությանը: Ես հայտ եմ ներկայացրել ու հանդես եկել ինքնաքննադատական ելույթով:
Քննադատել եմ իշխող կուսակցությանը և կառավարության մեր որոշ գործընկերների գործունեությունը՝ կապված անտառահատումների հետ: Քանի որ խոսքը վերաբերում էր ապօրինի անտառահատումներին, որը նաև վերաբերում է Տավուշի մարզին, եղել է որոշակի խոսակցություն, բայց ինքնաքննադատությունը չի վերաբերել Տավուշի մարզպետին, քանի որ հարցը ոչ թե նրա, այլ Շրջակա միջավայրի նախարարության տիրությում է»,- ասաց Սարգսյանը:
Հարցին՝ քննադատե՞լ է վարչապետն իրեն այդ ելույթի համար, պատգամավորը նշեց.
«Նման բան չի եղել, վարչապետի հետ իմ հարաբերությւոնները շատ լավ են ու 2018 թ-ի հեղափոխությունից հետո երբեք այսքան լավ չի եղել, ինչքան հիմա: Դա պայմանավորված է փոխադարձ ըմբռնմամբ, վարչապետն իմ ցանկացած մտքին ու հորդորին արձագանքում է, չի եղել մի հարց, որը ես բարձրացնեմ ու վարչապետը հանձնարարականներ չտա»: