Սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող ավտոմեքենայի գույքահարկը կհատուցի հանցագործը

Ներքին գործերի նախարարարությունը նախատեսում է փոխադրամիջոցի գույքահարկից ազատել այն սեփականատերերին, որոնց փոխադրամիջոցը հանցագործության հիմքով տիրապետումից դուրս է հայտնվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Գույքահարկից ազատումը կիրառվում է այն պահից, երբ քրեական վարույթ է սկսվել, մինչև փոխադրամիջոցը վերադարձվի սեփականատիրոջ տիրապետմանը։

«Հարկային օրենսգրքում սահմանվում է, որ փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են նաև հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը, հանցագործության հիմքով քրեական վարույթ նախաձեռնելու պահից մինչև փոխադրամիջոցը դրա սեփականատիրոջ տիրապետմանը հանձնելը։ Նշված հիմքով փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցվում է և գույքահարկի հաշվարկը դադարում է ոչ ավելի քան մեկ տարի ժամկետով»,-ասաց Մկրտչյանը և հավելեց, որ անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կարող է երկարացվել ևս մեկ տարով։

Նրա խոսքով՝ քրեական դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխությամբ գույքահարկի հատուցման պարտականությունը կդրվի հանցանք կատարած անձի վրա, ուստի փոխադրամիջոցի սեփականատերը չի կրի գույքահարկի ֆինանսական բեռն այն ժամանակահատվածում, երբ իր գույքը գտնվել է տիրապետումից դուրս։

«Օրենքներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 19-րդ օրը և կգործեն միայն ուժի մեջ մտնելուց հետո տեղի ունեցած հանցագործությունների հիմքով տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների համար»,- նշեց Մկտրչյանը։

Մկրտչյանը ասաց նաև, որ առաջարկվող կարգավորումները կօգնեն պաշտպանել փոխադրամիջոցների սեփականատերերի շահերը և նպաստել սոցիալական արդարության հաստատմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել