Կինը ձեռք է բերել Մոսկվայի համալսարանի կեղծ դիպլոմ, մասնակցել ուսուցչի թափուր տեղի համար նախատեսված մրցույթին և դասավանդել ՀՀ դպրոցներից մեկում

Գայանե Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել, որ նա, նախնական համաձայնության գալով ինքնությունը դեռևս չպարզված անձի հետ, չբացակայելով ՀՀ տարածքից և երբևէ ընդգրկված չլինելով Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի սովորողների ցուցակում, 2010-ից 2011 թվականների ընթացքում ձեռք է բերել նշված համալսարանի ռուսաց լեզվի և գրականության մասնագետի բարձրագույն կեղծ դիպլոմ, ըստ որի, 2005 թվականից մինչև 2010 թվականներին սովորել և ավարտել է նշված համալսարանը և 2017 թվականին բարձրագույն կրթության կեղծ դիպլոմն օգտագործելով մասնակցել է ուսուցչի թափուր տեղի համար նախատեսված մրցույթին, ճանաչվել հաղթող և 2017 թվականից մինչև օրս աշխատում է Տավուշի մարզի միջնակարգ դպրոցներից մեկում՝ որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։

Գործը դատարան է ստացվել 2024 թվականի ապրիլի 4-ին և մակագրվել դատավոր Սամվել Մարդանյանին։

Մեղադրյալ Գայանե Ղ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, համակցված`պաշտոնավարման կասեցումը` Տավուշի մարզի  միջնակարգ դպրոցներից մեկի ռուսաց լեզվի ուսուցչի պաշտոնում:

2024 թվականի հունիսի 19-ին քրեական վարույթի նախնական դատալսումների ժամանակ ամբաստանյալի պաշտպան Ա. Մելիքբեկյանը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարվելու օրվանից անցել է հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից: Նշված գործով հանցանքն ավարտված համարվելու օրվանից անցել է հինգ տարի, այսինքն անցել է վաղեմության ժամկետը:

Հանրային մեղադրողը չի առարկել ներկայացված միջնորդության դեմ: Նա հայտնել է, որ Գայանե Ղ․-ի կողմից կատարած արարքից հետո անցել է ավելի քան հինգ տարի։

Դատարանը, քննության առնելով միջնորդությունը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքները և դիրքորոշումները, հետազոտելով քրեական վարույթի նյութերը, գտել է, որ մեղադրյալի պաշտպանի միջնորդությունը՝ Գայանե Ղ․-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, ենթակա է բավարարման։

Դատարանը որոշել է

  • Գայանե Ղ․-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
  • Քրեական վարույթը կարճել:
  • Մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, ՀՀ պետական սահմանը հատելու արգելքը և նրա պաշտոնավարման կասեցումը վերացնել:
  • Դատական ակտը հրապարակվել է 2024 թվականի հունիսի 19-ին։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել